Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում Ջեյհուն Բայրամովը տեղեկություններ է հայտնել հայ-ադրբեջանական սահմանից գերեվարված 6 զինծառայողի վերաբերյալ։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ Բայրամովը պնդել է, թե հայերը ձերբակալվել են Ադրբեջանի տարածքում ականապատման աշխատանքներ կատարելիս մի փուլում, երբ հսկայական ջանքեր են գործադրվում Ադրբեջանի ազատագրված տարածքներն ականազերծելու համար։ «Ուստի նման քայլերը ծայրաստիճան անընդունելի են»,- ասել է Բայրամովը։
Խոսելով սահմանի լարվածության մասին՝ Բայրամովը նշել է, թե տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով՝ հավելելով, որ Բաքուն համաձայնել է սահմանագծման ու սահմանազատման հարցով Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին։
Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանի որոշ հատվածներում մայիսի 12-ից իրավիճակը լարված է, ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք։ Բախումներում մեկ հայ զինծառայող զոհվել է, 6-ը՝ գերեվարվել։