ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարներին տեղեկացրել է, որ Իրանը եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կարող են Իսրայելի դեմ հարձակումը սկսել առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ Բլինկենը «Մեծ յոթնյակի» երկրների իր գործընկերների հետ հեռախոսազրույցը նախաձեռնել է Իրանի եւ «Հեզբոլլահի» վրա դիվանագիտական ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի հնարավորինս նվազեցնի նրանց հարձակման ուժը, որը լինելու է ի պատասխան Թեհրանում նախորդ շաբաթ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը։ Զրույցում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հնարավոր հարձակման հետեւանքները մեղմելը լավագույն միջոցը կլինի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար։
Ըստ աղբյուրների Բլինկենը համոզմունք է հայտնել, որ Իրանը եւ «Հեզբոլլահը» հարվածելու են հրեական պետությանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հստակություն չկա, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ գործողությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել այդ հարձակումը, իսկ հետո մեղմացնել Իսրայելի հնարավոր պատասխանը։
Պարբերականի զրուցակիցների խոսքով պետքարտուղարը նաեւ հիասթափություն է հայտնել այն ազդեցության առնչությամբ, որ մերձավորարեւելյան հակամարտության սրումը թողել է Գազայի հատվածում հրադադարի հասնելուն ուղղված բանակցությունների վրա։ Բլինկենը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը մինչ Հանիեի սպանությունը զգում էր, որ կողմերն ավելի քան երբեւէ մոտ են գործարքի կնքմանը։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել G7-ի արտգործնախարարների հետ, որտեղ նա քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության դեէսկալացիայի հրատապ անհրաժեշտությունը։