Ավելի քան 90 մարդ է ձերբակալվել Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը ծայրահեղ աջ ուժերի կողմից կազմակերպված նոր ցույցերից հետո, որոնք ուղղված էին ներգաղթյալների դեմ եւ որոշ վայրերում վերածվել էին անկարգությունների։ Ելույթների նոր ալիքներ հաջորդել էին նաեւ նախոօրեին՝ օգոստոսի 4-ին։
Անկարգություններ տեղի են ունեցել Հալում, Լիվերպուլում, Բրիստոլում, Մանչեսթերում, Սթոք-օն-Տրենտում, Բլեքպուլում, Բելֆաստում: Դրանց մասնակիցները ավերել են խանութներ եւ հարձակվել ոստիկանների վրա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ոստիկանությանը խոստացել է «կառավարության ամբողջական աջակցությունը ատելություն հրահրել փորձող ծայրահեղականների» դեմ պայքարում։
Լարվածությունը հաջորդել է հուլիսի 29-ին Սաութպորտի պարային ստուդիայում երեք աղջիկների սպանությանը։ Նրանցից բացի դանակահարվել էին եւս ութ երեխա եւ երկու մեծահասակ։ Հանցագործության մեջ կասկածվում է 17-ամյա դեռահասը, ով արդեն ձերբակալված է։
Բռնկված անկարգությունները համարվում են երկրում վերջին 10 տարիների ընթացքում ամենաընդգրկունը։ Դրանք սկսվել էին, երբ սոցցանցերում արագորեն տարածվել էր տեղեկություն այն մասին, որ երեխաների վրա հարձակվող դռահասը ներգաղթյալ է եւ արմատական իսլամիստ։ Ոստիկանությունը տեղեկությունը կեղծ է անվանել՝ նշելով, որ կասկածյալ Աքսել Ռուդակուբանան ծնվել է Մեծ Բրիտանիայում։ Նրա ծնողները Ռուանդայից են։
Միգրանտների դեմ բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում էին բռնության, հրկիզման եւ կողոպուտի ակտերով, չեն կանգնեցվել կառավարության հնչեցրած կոչերից հետո։ Ոստիկանությունը ենթադրում է, որ անկարգությունների ակտիվ միջուկը «Անգլիայի պաշտպանության ազգայնական լիգայի» համախոհներն են, որը ֆորմալ առումով գոյություն չունի։
Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում դանակով հարձակման մի քանի աղմկահարույց դեպքեր են եղել: Դրանցից մի քանիսը ահաբեկչական հարձակումներ էին, որոնք իրականացվել էին արմատական իսլամիստների կողմից։