Վերջին օրերին Գյումրիում իրար հետեւից մեծամասշտաբ միջոցառումներ են լինում. տոնակատարություններ, փառատոներ, ժողովրդա-ծիսական ուրախ հանդեսներ:
Քաղաքում զբոսաշրջիկների պակաս չկա, բարձր տրամադրության՝ նույնպես:
Միայն 83 միլիոն դրամ ծախսվել է Գյումրիում տեղի ունեցած «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի համար: Ծրագիրը համատեղ իրականացրել էին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունը:
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի տվյալներով միայն Ֆեստիվառին եւ դրա հաջորդ օրը «Գյումրու օր» տոնակատարությանը մասնակցել են 50 հազար մարդ: Թովմասյանն ասում է՝ Գյումրիում զբոսաշրջության հիմնական ուղղությունը մշակութային է, հետեւաբար այդօրինակ միջոցառումներն են ապահովելու քաղաքի զբոսաշրջային հոսքերը:
Գործարար Վարդան Սրտաշյանը միայն միջոցառումներին զարկ տալու եւ տուրիստների թվով ուրախանալու մեծ առիթ չի տեսնում: Փաստում է, որ, թեեւ քաղաքում ֆեստիվառին ասեղ գցելու տեղ չկար, այնուամենայնիվ, տուրիստների թվի նվազում կա: Իր խոսքը հռետեսական որակողներին հակադարձում է, խորհուրդ տալիս ոչ թե աչքի տեսածով, այլեւ փաստով առաջնորդվել: «Հարկային մուտք ու ելքի վիճակագրույունը նայեք: Ինձ համար զբոսաշրջության թվի աճի ցուցիչ է, երբ հարկերն ավելանում են: Անձամբ ես, այս տարի ավելի քիչ եմ գումար վճարել պետբյուջե»:
Գործարարն ասում է, որ միջոցառումնեը կարճաժամկետ, մեկանգամյան մուտք են ապահովում: Պատկան մարմիններին խորհուրդ է տալիս հեռուն գնացող ծրագրեր անել: «Ենթակառուցվածքները զարգացնել է պետք: Քաղաք բերող ճանապարհի, օդանավակայանի, տաքսիների անկանոն վիճակի մասին միշտ ենք խոսում, բայց սառույցը չի հալվում»:
ՇՄ զարգացման ծրագրերի մշակման եվ իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը գործարարների շահույթի նվազումը կապում է ոչ թե զբոսաշրջիկների թվի նվազման, այլեւ ծառայություններ առաջարկողների թվի ավելացման հետ:
Ասում է՝ ոլորտը զարգացնելու համար գործուն քայլեր արվում է: Օրինակ է բերում. ուղեցույց են կազմել, եռալեզու քարտեզներ տպագրել, մարզն ավելի գրավիչ դարձնելու համար տեսարժան, պատմամշակութային վայրերի մասին տեսահոլովակներ են պատրաստում:
Նշենք, որ Ֆեստիվառի օրը Գյումրու «Մեր մանկության տանգո» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ» շենքը կրկին մասնակի փլուզվել է: Քաղաքի այցեքարտ համարվող կառույցը երեք տասնամյակից ավելի փլուզվում ու քայքայվում է բոլոր ժամանակների տեղական իշխանությունների աչքի առաջ:
Երկխոսությունների մեդիա կենտրոնում այս խնդրի մասին լրագրողները հարց են տվել ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանին, վերջինս ասել է, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր նեղսրտում են Գյումրեցու ուրախությամբ: Պատգամավորն ասել է նաեւ, որ «Վառեմ-մարեմը» փրկելու ծրագիրը քննարկման փուլում է, կողմերի հետ բանակցություններ են վարում:
Իսկ ի սրտե ուրախացողների մեջ կայի՞ն արդյոք գյումրեցի հազարավոր տնակաբնակները, ոչ ոք չգիտի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։