Գերմանիան մերժել է զենք մատակարարելու՝ Ուկրաինայի դիմումը՝ պնդելով, թե երկրի արեւելքում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների հետ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։
«Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների ուղենիշը մնալու է այդ մոտեցումը, զենքի մատակարարումները խնդրի կարգավորմանը չեն նպաստի»,- այսօր ասել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին ասել է, թե կուզենար զինամթերք ստանալ Բեռլինից։ «Գերմանիան մեզ ռազմական օգնություն չի ցուցաբերել, բայց կարող էր անել»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ Կիեւը ցանկանում էր Գերմանիայից գնել պարեկային նավեր, հրացաններ, կապի միջոցներ եւ հետեւակի զրահապատ մեքենաներ։