Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խնդրահարույց ընտրությունը հասարակության ուշադրությունը վերջերս կրկին սեւեռել է Հանրային հեռարձակողի ինստիտուտի վրա։
ՀՀԽ անդամները նեղսրտում են այդ սեւեռումից, բայց պետք է ընդունեն, որ ՀՀ քաղաքացի հարկատուները քիչ փող չեն ծախսում իրենց «զբաղվածությունն» ապահովելու համար եւ իրավունք ունեն մանրամասնորեն հասկանալու ժողովրդավարության սյուն համարվող այդ կառույցի վարքը։
Անձամբ ինձ, օրինակ՝ հետաքրքրում է, թե ռադիոյի տնօրենին ինչու են ընտրել մարդիկ, որոնք վարձատրվում են կառավարության հատկացրած բյուջեից։ Ինչքանո՞վ կարող է անաչառ լինել խորհրդի վարձու անդամը։ Եվ ինչո՞ւ է հե՛նց այս անգամ փոխվել ազատ ընտրիչներով ընտրելու կարգը։ Արդյո՞ք կաշկանդված չեն ՀՀԽ անդամները բավական հաստլիկ աշխատավարձով։
Մի բան էլ է հետաքրքրում։ Մրցույթի մասնակիցներն ընտրվել են ռեյտինգային գնահատմա՞մբ (յուրաքանչյուրի ներկայացրած ծրագրին տրված գնահատականներ՝ ըստ չափանիշների), թե՞ մասնակիցների անվանացանկի վրա крестик-нолик խաղալով։ Ռեյտինգայինի դեպքում հաղթողը կորոշվեր ծրագրերի բաղադրիչներին տրված միավորների տոկոսային հաշվարկով, իսկ крестик-нолик-ը չի բացառում կողմնակալությունը։ Եվ հավաստիացումները, թե մյուսների ծրագրերում էլ կային լավ բաներ, որոնք փորձելու են ներգրավել ՀՌ եթերային քաղաքականության մեջ, ոչ միայն արժանահավատ չեն, այլեւ նոր հարց են առաջացնում. «Իսկ դուք ընտրյալ տնօրենին հարցրե՞լ եք»։
Պակաս հետաքրքիր չէ նաեւ «պայմանագի՞ր, թե՞ հրաման» հարցը։ Այսինքն՝ ՀՌԽ-ն ընտրյալ տնօրենի հետ (մանրամասն կարգավորումներով) պայմանագի՞ր է կնքում, թե՞ վարչապետի հրամանագիրը բավական է, որ վերջինս չափը ճանաչի։ Եվ առհասարակ ՀՀԽ-ն կարգավորումների փաստաթղթային ի՞նչ բազա ունի։ Եվ արդյո՞ք հղումներ անում է կարգավորող փաստաթղթերի՝ այս կամ այն հաղորդաշարը փակելիս։
Այս հարցերն ինձ հետաքրքրում են վերջին իրադարձությունների խորապատկերում, իսկ հոդվածը, որը ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը, ավելի շատ վերաբերվում է Հայաստանի ժողովորդավարության որակին։
Երեւակայելով հայոց ժողովրդավարությունը
Մի պահ փակեք աչքերը, թուլացեք ու պատկերացրեք, որ Հայաստանում ժողովրդավարություն է։ Ոչ թե պրոպագանդիստական, ոչ թե Արեւմուտքից շոյվող, այլ իրական ժողովրդավարություն։
Խորը ներշնչեք ու մտովի փորձեք կառուցարկել այդ ժողովրդավարությունը։ Հասնելով ազատ մեդիային՝ մի պահ ելեք խոկումի վիճակից ու քննեք որոշ փաստեր։
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հանրային հեռարձակողներին (Հանրային հեռւստաընկերություն, Հանրային ռադիո) հատկացված է մոտ 8 միլիարդ դրամ, որը փոխանակման այսօրվա կուրսով ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար է։
Որպեզի պատկերացնեք, թե սա ինչ թիվ է, իբրեւ օրինակ՝ ասեմ, որ 1995-1999 թվականներին Հայաստանն Արցախին կապող «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհը (64 կմ) բավականին բարդ տեղանքում կառուցվել էր 11.5 միլիոն դոլարով։ Իսկ Արցախի հյուսիսն ու հարավը կապող ավտոմայրուղու (կարծեմ՝ մոտ 160 կմ) շինարարությունը՝ նույնպիսի բարդ տեղանքում, արժեցել էր 25 միլիոն դոլար։ Սա իմիջիայլոց՝ չափումները ճշգրտելու համար։
Բայց եթե նայենք «Հանրային հեռարձակող» երեւույթին այն կողմից, որ կողմից պարտադրվել է Հայաստանի Հանրապետությանը, այսինքն՝ հավատանք, որ դրա առաքելությունը բիզնեսի եւ քաղաքական տարբեր հոսանքների շահերից հանրությանը պաշտպանելն է, խոսելու ահագին նյութ կբացվի։
Ինքս լինելով մեդիա միավորի խմբագիր՝ գիտեմ, որ Հայաստանում տպագիր թերթերը, կայքերը, ՀԸ-ները եւ ռադիոները՝ չնչին բացառություններով, մասնավոր բիզնեսից չեն ֆինանասավորվում։ Կան քաղաքական ուժերին պատկանող որոշ ՀԸ-ներ, որոնց գոյության հետ, սակայն, պետությունը խնդիր չունի, ավելին՝ նրանց արտոնագրել է ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթով։
Ազատ լրատվամիջոցները հիմնականում ապրում են միջազգային ֆոնդերի (ՄՖ) կամ սփյուռքի բարերարների հատկացրած միջոցներով։ Ստացվում է, որ հայ հարկատուն ֆինանսավորում է հանրային հեռարձակողին, որի առաքելությունը նույն հարկատուին բիզնես եւ կուսակցական շահերից պաշտպանելն է, իսկ ազատ մեդիայի գոյությունն ու կենսունակությունն ապահովում են ՄՖ-ները։ Ի դեպ, դրանցից ֆինանսավորվող մեդիաների աշխատողները հարկատու են, եւ ստացվում է, որ ՄՖ-ներն էլ ակամա մասնակցում են Հանրային հեռարձակողի ֆինանսավորմանը։
«Ժողովրդավար» իշխանությունը եւ մեդիան
Արդյո՞ք պետությունը բյուջեից պետք է ֆինասավորի մամուլի ազատությունը։ Մեդիափորձագետներն ու ՔՀԿ ներկայացուցիչներն այս հարցին դժվար թե դրական պատասխան տան։ Կասեն՝ նման պրակտիկա չկա ժողովրդավար աշխարհում, կասեն՝ այդպիսով մեդիան պետությունից կընկնի կախվածության մեջ։
Առաջին փաստարկին շատ հեշտ կարելի է պատասխանել՝ ասելով, որ ժողովրդավարական աշխարհում կան շատ պրակտիկաներ, որոնք մեզ մոտ չեն կիրառվում՝ հղում անելով մեր իսկ պրակտիկաներին եւ ավանդույթներին։ Իսկ մեր պրակտիկաներն ու ավանդույթները հետեւյալն են՝ անբավարար ֆինանսական միջոցներ (1990-ականներ), ավտոկրատիա (տնտեսական երկնիշ աճի պայմաններում) եւ մի ուրիշ ավտոկրատիա (մեդիա կայսրությունների շինարարություն)։
Ի լրումն այս ամենի՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը հաճույքով քշում էին Հանրային հեռարձակողներին՝ ի շահ եւ ի փառս իրենց իշխանության, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նրանց պրակտիկան եւ ավանդույթը։
2018-ին «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների սուրբ պարտականությունը պետք է լիներ այս ավտոկրատիան եւ մեդիա կայսրությունը փլուզելը։ Չեղավ։ Ավտոկրատիան մնաց, ես կասեի՝ ավելի խորացավ, իսկ մեդիա կայսրությունը ձեւափոխվեց ու դարձավ անբռնելի։
Եթե Սերժ Սարգսյանի օրոք դա կապվում էր փեսա Միշիկի (Միքայել Մինասյան) անվան հետ, հիմա դարձել է «ֆեդերատիվ» եւ պատկանում է ՔՊ-ական, ՔՊ-ամերձ ու ՔՊ-ամետ շատերին (ա՛յ սա իսկական ժողովրդավարություն եւ մրցակցություն է)։
Ավտոկրատիայի եւ մեդիա կայսրությունների դարաշրջանում եւս մամուլի ազատություն (գուցե ֆասա՞դ) ապահովող մեդիաները՝ հիմնականում տպագիր թերթեր եւ համացանցային պարբերականներ, աշխատում էին ՄՖ-ների հատկացրած դրամաշնորհներով։ Ե՛վ այդ ժամանակ, ե՛ւ հիմա մասնավոր բիզնեսը մոտ չէր գալիս ու մոտ չի գալիս ազատ մեդիային։ Պատճառը մեկն է՝ սարսափ իշխանություններից։ Իհարկե հակաճառողը կարող է տալ որոշ գործարարների եւ դրանց հետ կապակցված մեդիաների անուններ, բայց ուշադիր քննելիս կնկատեք, որ այդ քչերն էլ հիմնականում իշխանության շուրջն են պտտվում։
Եվ եթե խոսում ենք ժողովրդավար աշխարհի «բարքերը» չկապկելու մասին, ինչին ես երկու ձեռքով կողմ եմ, ինչո՞ւ չենք ստեղծում մեր մոդելը, ինչո՞ւ ենք թողել մամուլի ազատությունը բախտի քմահաճույքին։
Իսկ նրանց, ովքեր պետական ֆինանսավորման անհնարինությունը կփաստարկեն «մեդիան հանկարծ չընկնի պետությունից կախվածության մեջ» միանգամայն ազնիվ մտահոգությամբ, երեք բան կասեմ։ Առաջին՝ մտահոգվեք Հանրային հեռարձակողի վիճակով, երբ պատկառելի մի ռեսուրս ամբողջովին դրված է իշխանության տրամադրության տակ։
Երկրորդ՝ թող պետությունը հայտարարի, որ ազատ մեդիա ֆինասավորող բիզնեսներին տալիս է հարկային որոշ արտոնություններ։ Օրինակ՝ մեդիայում ներդրված գումարի համամասնությամբ նվազեցնում է շահութահարկը։
Երրորդ՝ պետությունն իր նախաձեռնությամբ թող ստեղծի «Մեդիայի ազատության» հիմնադրամ, որում միջոցներ կներդնի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ նույն կառավարությունը (համապատասխան) պայմաններով դեպի մեդիա կուղղորդի գործարարներին։ Կարո՞ղ են այդ դեպքում գործարարները սարսափել ազատ մեդիային որեւէ կերպ առնչվելուց։ Դժվա՜ր։
Սա կլիներ իսկական եւ արդար ժողովրդավարություն։ Սա կվկայեր այն մասին, որ «թավշյա»-ով եկած «պողպատյա» իշխանությունն ազատ խոսքի, ազատ արտահայտման իրավունքի հետ խնդիր չունի։ Հակառակն ինձ հիշեցնում է թքելու հայտնի դեպքը, երբ թիկնապահները բռնեցին քաղաքացու ձեռները, իսկ ԱԺ նախագահն անարգել արտահայտվեց։
Այս բաները չեն արվել, չեն արվում եւ չեն արվելու, որովհետեւ «թավշյա» իշխանությունը՝ իր թիրախում հայտնված նախորդների նման, վախենում է ազատ խոսքից, իսկ Արեւմուտքի աչքի առջեւ միակ արդարացումը Հանրային հեռարձակողի առկայությունն է՝ ձեւով արեւմտյան, բովանդակությամբ «կիսելյով-սոլովյովական»։
Հ.Գ. Եթե որեւէ մեկին հետաքրքրի (բայց՝ դժվար), պատրաստ եմ մանրամասնորեն ներկայացնել, թե ինչպես եմ պատկերացնում «Մեդիայի ազատության» հիմնադրամի գործունեությունը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։