Կրթության մասին քննարկումներում առանցքային թեմաներից մեկը վերաբերում է ուսուցչի կամ դասախոսի կերպարին ու դերակատարությանը։ Եվ դա պատահական չէ, քանի որ սովորելու գործում չափազանց կարեւոր է հենց սովորեցնողի դերը։ Ինչպիսի՞ն պետք է լինի սովորեցնողը, ո՞ր հատկանիշներն են նպաստում սովորելուն, ինչպիսի՞ն պետք է լինեն նրա հարաբերությունները սովորողների հետ, եւ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է նա իրեն դիրքավորի լսարանում։ Սրանք հարցեր են, որ հաճախ են հնչում կրթության մասին խոսակցություններում։
Դատելով խնդրին վերաբերող քննարկումներից՝ կարելի է ասել, որ այդ դերի մասին ավագ ու միջին սերնդի եւ երիտասարդների ու դեռահասների պատկերացումները կտրուկ տարբերվում են։
Եթե առաջինները սովորելը դիտարկում են մի գործընթաց, որի ընթացքում սովորողը յուրացնում է արդեն հայտնի ու ճշմարիտ համարվող բովանդակությունները, եւ սովորելու գործի արդյունավետությունը գնահատվում է յուրացման աստիճանը չափող գնահատականներով, ապա երկրորդների մեջ հանդիպում են այնպիսիները, որոնք, մեղմ ասած, դրան համամիտ չեն։
Նախ՝ շատերը կարծում են, որ սովորելը պետք է սկսվի դրա նպատակի հստակեցումից։ Այսինքն՝ սովորողը պետք է իմանա, թե ինչու է սովորում ինքը, եւ մոտիվացված լինի։ Այս պարագայում սովորեցնողի դերը համարվում է սովորողի մեջ նպատակի գիտակցում ու մոտիվացիա ձեւավորելը. սովորեցնողն օգնում է, որ սովորողն ինքը գտնի իր ճանապարհը։
Ավանդական այն մոտեցումը, երբ սովորեցնողը մեկն է, որը սովորողի ձեռքը բռնած առաջնորդում է նրան, այս դեպքում այդքան էլ չի ողջունվում։ Էականորեն փոխվում է սովորեցնողի դիրքը, եւ նա արդեն ամեն ինչ իմացող եւ խիստ գնահատականներով ու հարկադրամիջոցներով սովորել պարտադրողից վերածվում է սովորողի գործընկերոջ, որը նույնպես մարդ է, եւ ոչ թե բոլոր հարցերի պատասխաններն իմացող գերբնական մի արարած։
Փոխվում են նաեւ հարաբերությունների ձեւերը։ Սովորող–սովորեցնող փոխհարաբերությունում թեեւ սովորողը հասկանում եւ ընդունում է, որ սովորեցնողն ավելին գիտի, քան ինքը, սակայն նրա մեջ զարգանում է սովորելու գործում սեփական դերակատարության զգացումը։ Փոխվում է նաեւ սովորեցնողի դերը։ Իր հեղինակության բարձունքներից «ոչինչ չիմացող» ուսանողին դասախոսություն թելադրողի փոխարեն ավելի պահանջված են դառնում սովորեցնողի այնպիսի հատկանիշներ, որոնք նպաստում են սովորողի ինքնավստահության, ինքնուրույնության, բացության, ազատության, անկաշկանդության, քննախուզության հատկանիշների զարգացմանը։
Հատկանշական է, որ սովորեցնողի դերակատարության մասին ընկալումների ու մոտեցումների փոփոխությունը բերում է նաեւ նրա համար կարեւոր համարվող հատկանիշների փոփոխության։ Խիստ, պահանջկոտ եւ ամենագետ ուսուցիչների ու դասախոսների փոխարեն ավելի պահանջված են բաց, ընկերասեր ու բարի ուսուցանողները, որոնք բերում են ընկալելի, մարդուն մոտ, իրական կյանքից վերցված օրինակներ, լրացնում դրանք տեսանյութերով, կիրառում ժամանակակից տեխնոլոգիաներ։
Կարեւոր են դառնում ուսուցանողի հետ կապված այնպիսի նրբերանգներ, ինչպիսին ձայնի աշխուժությունն է, հագուկապի առօրեականությունը, շարժուձեւի ու բառապաշարի պարզությունը, սովորելու նպատակահարմարությունից թելադրված՝ լսարանում տեղաշարժման ազատությունը եւ բոլոր այնպիսի մեթոդների գործածումը, որոնք շեշտը դնում են ազատ ու աշխույժ մասնակցության, սովորողի ստեղծագործականության ու քննախուզության դրսեւորման վրա, այլ ոչ՝ գիտելիքը պարտադրաբար յուրացնելու վրա։
Ուսուցանողի կարեւոր հատկանիշներից է համարվում նաեւ սովորողի հետազոտական, գիտելիքների ու հմտությունների բացահայտման ունակությունները զարգացնելու կարողությունը։ Սովորելուն նվիրված հետազոտության ընթացքում բանասացները հատկապես ոգեւորությամբ են հիշում այն ուսուցանողներին, որոնք դասերը վերածել են քննարկումների, բանավեճերի, խմբային աշխատանքի կամ առողջ մրցակցային այնպիսի գործընթացի, որոնք սովորողներին դրդել են լրացուցիչ գիտելիքներ հայթայթել եւ դուրս գալ դասագրքային ստանդարտ թեմաներից, խոսել դրանց հետ կապված խնդրահարույց հարցերի վերաբերյալ, ներկայացնել սեփական տեսակետը կամ կարծիքը։
Այս առումով շատ կարեւոր են համարվում նաեւ ուսուցանողի անսխալականության բարդույթից ազատ լինելը եւ ինչպես իրեն, այնպես էլ սովորողներին սխալվելու եւ այդ սխալների միջոցով սովորեցնելու հատկանիշը։ Սխալվելուց չվախենալը էականորեն փոխում է լսարանի մթնոլորտը եւ կարող է որակապես ազդել սովորելու արդյունավետության վրա։
Ուսուցանողի մեկ այլ կարեւոր հատկանիշ, որը փոխկապակցված է վերը ներկայացվածներին, սովորողի ինքնավստահության զգացողության խթանումն է։
Բանն այն է, որ հատկապես անծանոթ գիտելիքների, ինչպես որ առհասարակ անծանոթ իրականության առնչվելու դեպքում, սովորողները ինքնավստահության պակաս եւ որոշակի վախեր են զգում։ Ուստի փորձառու մասնագետից պահանջվում են որոշակի խրախուսական ազդակներ, մասնավորապես, որ սովորողը կարող է, որ նրան անպայման կհաջողվի, եթե մի քանի անգամ փորձի։ Եվ ոչ թե, ինչպես սովորաբար լինում է, ուսուցանողը բավարարվի սովորողներին թույլի եւ անհույսի պիտակումներ տալով, նրանց անկարողությունը հեգնանքի եւ քննադատության արժանացնելով։ Ընդհանրապես, վախի զգացումը սովորողի մեջ առաջացնում է մտքի արգելակում ու կաշկանդվածություն, ինչը սովորելու լրջագույն խոչընդոտ է։
Սովորողների հանդեպ ուսուցանողների վերաբերմունքի մեջ կարեւոր է համարվում արդարացի եւ հավասարարական մոտեցումը։ Այս հանգամանքի կարեւորումը, ըստ էության, վկայում է, որ, դժբախտաբար, հանրակրթական եւ բուհական միջավայրերում դեռեւս տեղ ունեն սովորողների հանդեպ տարբերակող եւ խտրական մոտեցումները, որոնք բացասաբար են անդրադառնում ուսումնական գործի վրա եւ սովորողների շրջանում ձեւավորում են մոտիվացիայի անկում ու անբարյացկամ տրամադրություններ։
Այս համատեքստում, ուսուցանողի համար կարեւոր հատկանիշների շարքում արժե հիշատակել նաեւ բարությունը, ազնվությունը եւ հոգատարությունը։ Սրանք բոլորը ձեւավորում են սովորելուն տրամադրող դրական մթնոլորտ, որտեղ բացակայում է պատժվելու կամ անհասկացող երեւալու վախը, եւ գերակայում այն միտքը, որ սովորելը ոչ թե օժտվածների շնորհն է, այլ բոլորին հասանելի մարդկային ու բնական մի բան։
Ամփոփելով կրթական համակարգի համար հիմնաքարային համարվող ուսուցանող–ուսուցանվող հարաբերությանը վերաբերող այս ակնարկը՝ անհրաժեշտ է նկատել, որ Հայաստանում կրթության բարեփոխումներում այս խնդիրը պետք է լինի կարեւորների շարքում։ Այն ապամոտիվացնող մթնոլորտն ու միջավայրը, որ գոյություն ունեն մեր հանրակրթության ու բուհական ոլորտներում, առանց այնպիսի փոփոխությունների, որոնք սովորողին սովորելու գործընթացում դարձնում են սովորեցնողին հավասար դերակատար, կարող են լրջորեն վտանգել բարեփոխումների արդյունավետությունը։
Նիկոլ Մարգարյան, Աղասի Թադեւոսյան