Իրանը Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր է խնդրել՝ Իսրայելի դեմ առաջիկա հարձակումից առաջ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու իրանցի պաշտոնյաների, որոնցից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ է։ Նրանք տեղեկատվությունը տրամադրել են անանունության պայմանով։
Իրանական լրատվամիջոցները ավելի վաղ հաղորդել էին Ռուսաստանի ուղղված Թեհրանի նման խնդրանքի մասին:
NYT-ի զրուցակիցները հաստատել են այս տեղեկությունները եւ հայտնել, որ Ռուսաստանը սկսել է Իրանին մատակարարել նաեւ ժամանակակից ռադարներ եւ հակաօդային պաշտպանության այլ սարքավորումներ։
Նշենք, որ նախօրեին Իրանում էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ով հանդիպումներ էր ունեցել երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ Իրանի զինված ուժերի հրամանատար Մոհամմադ Բաղերիի, ինչպես նաեւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։