Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան եւ Բեյրութ չվերթներն իրականացվում են սովորական ռեժիմով, դեռեւս չեղարկումներ չեն եղել։ Այս մասին ռուսական TACC-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Այս պահին աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Թռիչքների չեղարկում չկա: Բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե որեւէ երկիր փակի իր օդային տարածքը»,-ռուսական լրատվականին ասել է Աղաբեկյանը։
Նշենք, որ Մերձավոր Արեւելքում լարված իրադրության ֆոնին Հայաստանի արտգործնախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել «ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն»։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը հայտարարել են որպես «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա էր զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։