Այսօրվանից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ բացի հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետից՝ քաղաքացիների տեղաշարժի համար կգործի նաեւ Բավրա-Նինոծմինդա անցակետը։
«Անցակետերը բաց են ամեն օր` ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում, պատվաստման ամբողջ կուրսն անցնելու (երկու դեղաչափ) եւ միաժամանակ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
Միայն ՊՇՌ թեստով Վրաստան մեկնող քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում եւս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն։
Հունիսի 1-ից չեղյալ է հայտարարվում նաեւ Հայաստան գալու համար Վրաստանի քաղաքացիների՝ ԱԳՆ-ից հատուկ թույլտվություն ստանալու պահանջը։ Ի դեպ, Վրաստանի քաղաքացիները կարող էին անարգել հայրենիք վերադառնալ ցամաքային ճանապարհով։
2020-ի մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից օտարերկրյա քաղաքացիներին արգելվեց հատել Վրաստանի սահմանը, Վրաստանի քաղաքացիներին էլ արգելվեց լքել երկրի տարածքը:
Հայաստանը վերջին մի քանի տարում Վրաստան առավել հաճախ այցելող երկրների քաղաքացիների հնգյակում է։ 2019-ին Հայաստանը Վրաստան այցելողների թվով երրորդ տեղում էր (1 365 048 քաղաքացի) Ադրբեջանից եւ Ռուսաստանից հետո (համապատասխանաբար 1 526 619 եւ 1 471 55 քաղաքացի):