Գյումրիում օգոստոսը մեկնարկել է մշակութային թեժ իրադարձությամբ. «Gyumri Art Week 2024» ժամանակակից արվեստի ամենամյա միջազգային փառատոնը հանրապետության երկրորդ քաղաք է բերել յոթ տասնյակ արվեստագետների աշխարհի 15 երկրներից:
Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից ժամանած ժամանակակից արվեստ սստեղծողները քաղաքի գրեթե բոլոր մշակութային կենտրոններում ցուցահանդեսներով, ներկայացումներով, վիդեոարարներով, ինստալյացիաներով, համերգներով են հանդես գալիս:
3-րդ «Art Week»-ի ասելիքը քաղաքի զարգացման փուլերը, սոցիալական, բնապահպանական, մշակութային փոփոխություններն են:
Միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր: Ցուցադրվել են մեդիա ոլորտում ստեղծագործող հայ եւ միջազգային 20-ից ավելի արվեստագետների աշխատանքներ:
Համերգային ծրագրի շրաջնակում էլ նախ երաժիշտ Հայկ Պիջոյանն է հանդես եկել «Երաժշտության կենդանի ձայնագրություն» իմպրովիզացիոն կատարմամբ, ապա՝ Շումանի, Բախի, Էլիզաբեթ թագուհու անվան, Բելգիայի, Սիդնեյի միջազգային մրցույթների, ինչպես նաեւ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Սվետլանա Նավասարդյանը:
Գյումրու մեկ այլ մշակութային անկյունում՝ Gallery 25-ում էլ փառատոնի շրջանակում Վիզուալ նամակների ցուցադրությունն էր:
Ճանաչված արվեստագետ Վազօն (Վազգեն Պահլավունի-Թադեւոսյան) Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում ցուցադրված 20 արվեստագետի ստեղծագործությունները մեկտեղել, համադրել, «Համագործակցություն մրցակցության փոխարեն» խորագրով ցուցահանդես էր բացել:
«Ցուցադրությունը «ես»-ի մեջ չմխրճվելու կարեւոր կոչ է: Համագործակցե՛լ, ո՛չ թե մրցակցել, ես-ն էլ օգտագործել մշակութային նոր դաշտ ստեղծելու համար»,-այսպես բնորոշեց միջոցառումը Վազօն: Տարածքի խիտ բազմության մեջ իշխանության ներկայացուցիչ չգտնելով՝ արվեստագետը կոչը մեր միջոցով փոխանցեց նրանց. «Տե՛ր կանգնեք այս փառատոնին, գնահատե՛ք ստեղծվածը, աջակցե՛ք, որ այս նախաձեռնությունը երկար ապրի: Դա բոլորիս է պետք»:
Gallery 25-ի ցուցասրահի մի անկյունից էլ Ֆրանսիացի արվեստագետ Դոմինիկ Մեյսնն իր ձեռագործ պայուսակներով բնությունը խնայելու կոչ է անում: Ասում է՝ 50 տարի է, ինչ այս կոչն ուղղում է համայն մարդկությանը. «Եթե մայր բնության համար ոչինչ չենք կարող անել, գոնե պոլիէթիլենով եւ պլաստիկով չխեղդենք»:
Gyumri Art Week-ի հիմնադիր, համադրող, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն ասում է՝ կարեւոր է, որ միջազգային ներուժը Հայաստանում գործի եւ ժամանակակից արվեստը դինամիկ զարգանա մեզանում. «Ի վերջո, ժամանակակից արվեստն է տվյալ օրվա խնդիր վեր հանողը: Պետք է բարձր գնահատենք մեզ հասած արվեստի գործերը, բայց նաեւ զարգացնենք գիտակցումը, որ արվեստը միայն անցյալ չէ, ներկա՛ է»:
Փառատոնի հիմնադիրը վստահեցնում է, որ միջազգային ճանաչում եւ հռչակ ունեցող արվեստագետները միայն Գյումրիում լինելով չեն սահմանափակվելու: «Օձուն, Ստեփանավան, Քանաքեռ, Սպիտակ եւ այլ համայնքներ էլ տոնը կտեղափոխենք, վերջում կատարված աշխատանքներն ի մի կբերենք մայրաքաղաքում՝ մեծ ցուցադրությամբ»:
Նշենք, որ միջազգային երրորդ «Gyumri Art Week»-ի կազմակերպիչներն են «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը՝ CYLAND Media Art Lab-ի համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Գյումրու ցուցասրահներում, թանգարաններում, մշակութային կենտրոններում մինչեւ օգոստոսի կեսը կշարունակվի արվեստագետների եւ հանդիսատեսի ակտիվ շփումը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։