Ռուս-ուկրաինական ճակատի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունները ավելի են սվում եւ բնականաբար ազդում են նաեւ մեր տարածաշրջանի վրա, իսկ հայ-ադրբեջանական «խաղաղությունը» օր օրի ցույց է տալիս իր «հեռանկարները»:
Ադրբեջանն ինչպես միշտ առավելագույնը քաղելու համար նոր նախապայմաններ է առաջ քաշում՝ ներգրավելով նաեւ Թուրքիային: Ադրբեջանցի փախստականների, անկլավների ու միջանցքի հարցը օր օրի ավելի առաջ է մղվում:
Սահմանազատման-սահմանագծման գործընթացը կանգնել է, իսկ կատարած աշխատանքն էլ՝ լինելով իրավականորեն ու մեթոդաբանորեն փնթի, առանց հասարակությանը ներկայացված քարտեզի՝ նոր ականներ է դնում հետագա լարվածության համար:
44-օրյա պատերազմից հետո առաջ եկած օրակարգերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ածանցյալներ են, քանի որ այդ ամենը պտտվում է կոմունիկացիաների հարցի շուրջ: Խոսքը Մեղրու շրջանի կոմունիկացիների մասին է, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ Զանգեզուրի միջանցք:
Վերջերս փաստաբան, քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքում մի գրառում էր արել, ըստ որի պետք է սկսել Մեղրու ճանապարհի շինարարություն եւ [տենդերին] մասնակցելու հրավեր ուղարկել շահագրգիռ բոլոր կողմերին՝ առաջին հերթին Չինաստանին. հակառակի գինը կլինի մեր պետականությունը:
Ըստ իս՝ խոսքը ոչ թե ճանապարհը օտարերկյա հսկողությանը հանձնելու մասին է, այլ հատուկ կարգավիճակ տալու՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց մյուսների ներգրավվածությամբ:
Այսօր Միջին Ասիայի ու Եվրոպայի կոմունիկացիոն միավորման համար թեժ պայքար է գնում, ամեն մեկն ունի իր ծրագիրն ու շահը:
Նույնիսկ քաղաքականացված, բայց ապաքաղաքական գործիչներով ու փորձագետներով հարուստ Հայաստանում չեն կարող ժխտել, որ Մեղրու հատվածում սահմանվելու է հատուկ հսկողություն:
Այդ փորձագետներն ու գործիչները խնդիրը սահմանափակում են, դիտարկում իբրեւ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի եւ ԱՄՆ-ի պայքար այդ հատվածի համար ու քննարկում են, թե որն է ավելի ձեռնտու մեզ եւ «ով մեզ կթողնի լինել ինքնիշխան»: Կամ լռում են:
Սակայն մեծ տերություններին հետաքրքիր չէ Հայաստանի ինքնիշխանությունը այն ձեւով, ինչպես դա հասկանում են Հայաստանում։ Նրանց համար առաջնահերթն իրենց աշխարհաքաղաքական շահերն են, եւ Հայաստանը սոսկ գործիք է:
Թվում էր, թե ձեւավորվող Նոր աշխարհակարգի պայմաններում մեզ նման փոքր երկրները պետք է արդեն մեկ բեւեռի ընտրություն կատարեին, սակայն կան բազմաթիվ երկրներ, որոնք իրենց դիրքին, շահերին ու ռեսուրսներին համապատասխան վարում են ճկուն բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն:
Հայաստանը հաշվի առնելով իր խնդիրների շուրջ հետաքրքրության բազմակողմանիությունը, իր դիրքն ու հնարավորությունները, մանրադրամ չդառնալու համար պետք է խոսի բոլոր բեւեռների ու տարածաշրջանային խաղացողների հետ:
Խոսք կարող է գնալ ոչ միայն պետությունների, այլ նաեւ տարբեր անդրազգային, բիզնես շրջանակների, համայնքների, քաղաքական ծանրակշիռ ուժերի մասին:
Մենք արդեն քաղաքական բախտախնդրության պատճառով ժամանակին տանուլ ենք տվել Արեւմտյան Հայաստանն ու Արեւելյանի զգալի մասը: Հիմա՝ Լեռնային Ղարաբաղը, բայց թողել եւ թողնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամրապնդվի ու վտանգի մեր ինքնիշխանության վերջին մնացորդները:
Եթե իշխանությունները ծայրահեղացված լիբերալ պացիֆիստական խոսույթով են վնասում, ապա ընդդիմությունն իր մեսիական, ազգային-ապաքաղաքական, ապածրագրային, ժամանակատար խոսույթով ու վարքագծով արդեն «արջի» ծառայություն է մատուցում հանրությանը:
Բագրատ Սրբազանն իր կարեւորագույն առաքելությունը արդեն կատարել է՝ հարվածել է իշխանությունների լեգիտիմությանը եւ դա հետագա գործընթացների համար կարեւոր կետ կարող է լինել: Սակայն նա չունի քաղաքական ծրագիր, խոսույթ, տեսակետ, կասեի նաեւ՝ թիմ։ Նա դեռ ամեն ինչ ուղղելու ժամանակ ունի, սակայն ժամանակը մեր դեմ է աշխատում:
Արմեն Մկրտչյան