Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մեկնարկի 16-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության տեքստում նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության մեղդրել է ռազմական գործողությունների սանձազերծման մեջ։
Ըստ հայտարարության հեղինակների այդ ժամանակահատվածում իշխանության ղեկին եղած կուսակցության «ամենածանր հանցագործությունների» մասին քննարկումներ չեն եղել այնքան ժամանակ, քանի դեռ «չէր վերացել միջազգային մակարդակով Վրաստանին, վրացական բանակին եւ նույնիսկ մեկ վրացի զինվորի պատասխանատվության ենթարկելու վտանգը»։ Այժմ, երբ Ստրասբուրգում եւ Հաագայում տեղի ունեցած միջազգային դատավարությունները ավարտվեցին Վրաստանի հաղթանակով, իշխող կուսակցությունը որոշել է հանրությանը պատմել «ամբողջ ճշմարտությունը» եւ լիարժեք իրավական գնահատական այդ ժամանակ տալ տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։
«Ազգային շարժման» դավաճան հանցագործությունը ունեցավ ամենասարսափելի հետեւանքները։ 2008 թվականի պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք երկու պատմական շրջաններ, հարյուրավոր զինվորներ ու խաղաղ բնակիչներ։ 30 հազար մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները։ Անընդունելի է, որ այս մասշտաբի հանցագործությունն առանց իրավական գնահատականի մնա անպատիժ»,-ասվում է հայտարարության տեքստում։
Իշխող կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ «Ազգային շարժումը» տարիներ շարունակ որպես պատերազմի սկսվելու օր նշել է օգոստոսի 8-ը, սակայն ընդդիմությունը «արարողակարգային միջոցառումներ» մի քանի տարի առաջ սկսել է անցկացնել օգոստոսի 7-ից։ Դրա պատճառը, ինչպես նշվում է հայտարարության մեջ, «սեփական հանցագործությունը թաքցնելու եւ պատասխանատվությունից խուսափելու փորձն է»։
«Վրաստանի այն ժամանակվա կառավարության առաջին պաշտոնական հայտարարությունը՝ օգոստոսի 7-ին ռազմական գործողությունների գոտում ռուսական զորքերի բացակայության մասին, հայտնվում է Նախագահի թիվ 402 հրամանագրում։ 2008 թվականի օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթում ասվում է, որ ռուս զինվորներն ու ռուսական զինտեխնիկան Վրաստան են մտել օգոստոսի 8-ին Ռոկի թունելով։ Այս փաստաթղթին շուտով հաջորդեց «Ազգային Շարժման» կողմից 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի ստորագրումը, որը դարձավ Վրաստանի պատմության ամենադավաճան քայլերից մեկը։ Բանաձեւում ասվում էր, որ օգոստոսի 7-ին վրացական կողմի կողմից Ցխինվալիի անզգույշ ռմբակոծության հետեւանքով էսկալացիան վերաճել է բաց եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Բանաձեւում այս արարքը դիտարկվում է որպես վրացական կողմի կողմից զինված ուժերի անհամաչափ կիրառում, որը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը եւ հակամարտության խաղաղ կարգավորման Վրաստանի հանձնառությունը»,-ասվում է հայտարարության տեքստում։
Վրաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ այդ իրադարձություններին պետք է տրվի պատշաճ իրավական գնահատական՝ երկրի անշրջելի զարգացումն ապահովելու եւ Վրաստանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Կուսակցությունը խոստանում է այդ քայլերին անպայման գնալ առաջիկա խորհրդրանական ընտրություններից հետո։
Վրաստանը եւ երկրի միջազգային գործընկերները Աբխազիան եւ Հարավային Օսիան համարում են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներ։ Նրանց անկախությունը ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան եւ Նաուրուն։
2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվել են 169 զինվորական, 228 խաղաղ բնակիչ եւ14 ոստիկան։ Ընդհանուր առմամբ վիրավորների թիվը հասել է 1747 մարդու։