Կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամիի հեռախոսազրույցը, որը տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում լարվածության աճի ֆոնին։
Իրանական կողմի փոխանցմամբ Քանին քննարկել է Իսրայելի «ռեժիմի ագրեսիվ եւ ահաբեկչական գործողությունները», որոնք նախորդ շաբաթ հանգեցրել են Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսլամյիլ Հանիեի սպանությանը։
«Իսմայիլ Հանիյեի սպանությանը հանգեցրած իսրայելական ռեժիմի հանցագործությունից եւ Իրանի ազգային անվտանգությունը խախտելուց, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությունը խարխլելուց հետո եվրոպական երկրները իրենց լռությամբ եւ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ոտնահարող այս արարքը չդատապարտելով կորցրել են դիվանագիտության համար առաջին հնարավորությունը»,- Բաղերիի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը։
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը նաեւ նշել է, որ որեւէ երկիր չի սպառնալ Իարանի ազգային անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն էլ X-ի իր էջում գրել է, որ տարածաշրջանում լարվածությունը չի բխում որեւէ մեկի շահերից։
«Ես խոսեցի Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ եւ զգուշացրի, որ իրանական ցանկացած հարձակում կործանարար հետեւանքներ կունենա տարածաշրջանի համար»,-գրել է Լամին:
Բրիտանացի նախարարը նաեւ հավելել է, որ Իրանը եւ բոլոր կողմերը պետք է շտապ եւ անհապաղ դեէսկալացիայի գնան։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։