Բաքուն ուզում է վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում ռեւանշիզմը կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում։
«Անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին եւ պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարության՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու եւ այս պատմությունը վերստին սկսելու համար»,-նշել է Ամիրբեկովը։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հարցազրույցի ժամանակ շարունակել է պնդել, որ խաղաղության պայմանագրի հիմնական խոչնդոտը Հայաստանի սահմանադրությունն է։ Նրա կարծիքով, եթե Սահմանադրությունը փոփոխության չենթարկվի, ապա Հայաստանը որոշ ժամանակ անց կարող է վերադառնալ տարածքային պահանջներին։
«Եթե գործող Սահմանադրությունն անփոփոխ թողնենք կամ անուշադրության մատնենք, նշանակում է, որ եթե անգամ ստորագրենք խաղաղության պայմանագիրը, հնարավոր է՝ նոր կառավարություն գա եւ չեղարկի դա, քանի որ այդ փաստաթուղթը տեխնիկական առումով հակասում է Հայաստանի գործող Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը եւս կարող է ասել, որ խաղաղության պայմանագիրը հակաօրինական է, քանի որ Մայր օրենքում այլ դրույթներ են ամրագրված», — նշել է Ամիրբեկովը։
Նրա խոսքերով նույնիսկ իմաստ չունի արագորեն ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները, քանի դեռ հստակ անդրադարձ չի կատարվել իր բնութագրմամաբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի Սահմանադրությանը։ Ըստ Ամիրբեկովի պայմանագրի հապճեպ ստորագրումը կարող է հակաարդյունավետ լինել, եթե իրավական խութեր մնան, որոնք էլ իրենց հերթին կարող են «թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին»։
Երեւանը վերջին ամիսներին բազմիցս է հայտարարել, որ Սահմանադրությունը իր ներքին գործն է, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ պատրաստակամ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։
Բաքուն էլ չնայած շարունակաբար հայտարարում է պայմանագրի մեծ մասի շուրջ փոխհամաձայնության մասին, զուգահեռաբար պնդում է, թե դեռ խոչնդոտներ է տեսնում Հայաստանի սահմանադրության մեջ, որը իբր տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
«Եթե Հայաստանն ուզում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն է եւ իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին», — ընդգծել է Ամիրբեկովը՝ հավելելով, թե դրա համար տարիների քննարկումներ պետք չեն, ինչպես իր խոսքերով փորձում է ներկայացնել հայկական կողմը, որ դա քաղաքական ծանրաշարժ գործընթաց է եւ կարող է ավարտվել միայն 2027 թվականին՝ նոր Սահմանադրության նախագծի պատրաստմամբ։
Ամիրբեկովը նաեւ կարծիք է հայտնել, որ եթե նոր սահամանդրության համար հանրաքվե կատարվի ապա Հայաստանի ղեկավարությունը պետք է ժողովրդին հարցադրումը առաջադրի հետեւյալ կերպ․ «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել»։
«Կարծում եմ՝ եթե նրանք հարցն այդպես դնեն, հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի»,-նշել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։
Ամիրբեկովը նաեւ պատմել է, որ կողմերը բանակցային գործընթացի հարցում փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի հարցում, որը ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցք» է կոչում։
«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի եւս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում։ Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձեւ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը վերաբացելու համար»,-ասել է Ամիրբեկովը: