Ռուսաստանի Կուրսկի մարզում հարձակողական գործողություններ իրականացնող ուկրաինական զորքերը շարունակում են առաջխաղացումը դեպի մարզի խորքեր, գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Рыбарь» տելեգրամյան ալիքը պնդում է, որ ուկրաինական զորամիավորումները «գրավել են Սուջայի արեւմտյան հատվածը», վերահսկողության տակ են վերցրել քաղաքի հարակից ճանապարհները, իսկ Սուջայի ներսում, այդ թվում՝ արեւելյան ծայրամասում, հրաձգային մարտեր են ընթանում։
ՌԴ պաշտպանության նախարարության նկատմամբ առավել քննադատական տրամադրված մեկ այլ ալիք՝ «Два майора»-ն էլ պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը մոտեցել են Կորենեւո գյուղին, որտեղ նրանց «կանգնեցրել են մարտերի արդյուքնում»։ Այս տեղեկությունները հաստատում են նաեւ մյուս ալիքենրը։ «Архангел спецназа Z»-ն էլ գրում է, որ ուկրաինական կողմը մարտական գործողությունների մեջ է ներառել նաեւ ռեզերվները։
Կուրսկի շրջանի իշխանությունները չեն մեկնաբանել ուկրաինական զորքերի առաջխաղացման մասին լուրերը։ Շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը օգոստոսի 7-ի առավոտյան հայտնել է, որ գիշերը եւ առավոտյան Կուրսկի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարքեր եւ հինգ հրթիռներ։
Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 16 անօդաչու թռչող սարք՝ 14-ը Բելգորոդի, իսկ երկուսը Կուրսկի մարզի երկնքում։ Բացի այդ, ըստ նախարարության, Մոսկվայի ժամանակով ժամը 04:20-ից մինչեւ 06:20-ը հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի եւ Օրյոլի շրջանների վրա խոցել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք:
Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզում հարձակումը սկսել են օգոստոսի 6-ին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական զորքերը կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի խորքերը՝ Կուրսկի ուղղությամբ։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ հարձակմանը մասնակցում է առնվազն հազար ուկրաինացի զինվոր, նրանք փորձում են գրավել Սուդժանսկի շրջանի տարածքի մի մասը։
Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից խաղաղ բնակիչներին տարհանում են։ Մտցվել է արտակարգ դրություն։