ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունները, թե Երեւանը ցանկանում է երես թեքել Մոսկվայից, իրականության հետ կապ չունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ դարերի ընթացքում ձեւավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արեւմուտքը։
Զախարովան այս կերպ մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունները, որ Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, իսկ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի Երեւանը հրաժարվի Մոսկվայի հետ ավանդական ամուր հարաբերություններից։
«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի եւս մեկ օրինակ է, համաշխարհային հանրության աչքին Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» հորինելու ցանկությունը, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ։ Օ’Բրայենը եւ իր թիմակիցները պետք է սովորեն մի պարզ բան։ Մեր երկրների միջեւ դարերի ընթացքում ձեւավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արեւմուտքը։ Բազմիցս ենք պատմության ընթացքում ձեռք մեկնել հայ ժողովրդին եւ մտադիր ենք դա անել ապագայում»,-ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ամերիկացի քաղաքական գործիչների նման հայտարարություններ հնչեցնելու պատճառները այլեւս զարմանք չեն առաջացնում Մոսկվայում։
«Փորձելով պոկել Հարավային Կովկասի հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը Ռուսաստանից, ԱՄՆ-ը եւ նրա արբանյակները Եվրոպայում առանց որեւէ ամոթի միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին։ Լավ պատրվակներով փորձում են տիրանալ կառավարման համակարգին, վերահսկողությունը կենտրոնացնել ռեսուրսային բազայի վրա, օգտագործել տարանցիկ ներուժը»,-նշել է դիվանագետը։
Ըստ Զախարովայի Օ’Բրայենը որեւէ նոր բան չի ասել, իսկ Արեւմուտքը Հարավային Կովկասում «ապակառուցողական օրակարգ է քարոզում», որի հիմնական նպատակը «տարածաշրջանի տարածքը մասնատելն է» եւ «Ռուսաստանի պատմական կապերն իր ավանդական դաշնակիցների եւ հարեւանների հետ ոչնչացնելը»։