Երեւանում փոշու, ազոտի երկօքսիդի, այլ թունավոր նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ավագանու որոշմամբ՝ շինհրապարակներում օդի որակը դիտարկող սենսորային սարքերի առկայությունը պարտադիր է դարձել: Արձանագրված տվյալներին հնարավոր է հետեւել նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով։ Այս առցանց հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության տվյալների՝ վերջին տարիներին մայրաքաղաքում մեծ ծավալներով շինարարական աշխատանքներ են ընթանում, եւ օդի աղտոտվածության հիմնական պատճառներից մեկը հենց դա է։ Այժմ քաղաքապետարանը վերահսկում է, որ կառուցապատող ընկերությունները փոշու տարածումը կանխող հատուկ ցանցերով պատեն շենքերը, որտեղ շինաշխատանքներ են կատարվում։ Այս կանոններին չհետեւողները վարչական պատասխանատվության են ենթարկվում։
Ըստ Երեւանի լրատվության վարչությունից տեղեկանում ենք՝ վերահսկողական աշխատանքներն արդեն իրենց պտուղները տվել են։ Նախորդ տարիներին Երեւանի վարչական շրջաններում փոշու մակարդակը միջին կամ ավելի բարձր էր։ Այս տարի դրական միտում կա․ մակարդակը միջին կամ միջինից ցածր է։
Աղտոտված օդի պատճառով ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ
Օդի աղտոտվածությունը եւ արտանետվող ծուխը կարող են նպաստել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկերի բարձրացմանը, մասնավորապես՝ սիրտանոթային (սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտ), սուր եւ քրոնիկ շնչառական հիվանդությունների, թոքի քաղցկեղի, դեպրեսիայի առաջացման եւ այլն: Մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը պայմանավորված է արտանետվող նյութերի կազմով, քանակով եւ ազդեցության ժամանակահատվածով:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանն ասում է՝ այդ ազդեցությունը բազմագործոն է, եւ հիվանդությունների առաջացման մեջ մեծ դերակատարում ունեն ոչ միայն շրջակա միջավայրի, այլ նաեւ վարքագծային գործոնները:
«Օրինակ՝ թոքերի քրոնիկ հիվանդությունների առաջացման եւ սրացումների պատճառ կարող են լինել ոչ միայն օդի տարբեր աղտոտիչները, այլ նաեւ ծխելը: Միաժամանակ, մարդու առողջության վրա ազդեցությունը կախված է մարդու սեռից, տարիքից, առողջական եւ ֆիզիոլոգիական վիճակից, ակտիվության մակարդակից եւ այլն»,- մանրամասնում է Գրիգորյանը։
Երեւանում կանաչ տարածքները շատ քիչ են
Երեւանում երբեմն շինարարական աշխատանքներ են իրականացվում կանաչ գոտիների հաշվին։
Մայրաքաղաքն ունի քաղաքային նշանակության 86 այգի: Երեւանի կանաչ տարածքը ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ մոտ 6760 հա է, որը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է: Սրա մեջ մտնում են հանրային եւ մասնավոր տարածքները եւ կանաչ բուսականության բոլոր տեսակի ծածկերը՝ ներառյալ ծաղկաթմբերը եւ սիզամարգերը: Ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը շուրջ 906,8 հա է: Մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը շուրջ 8,3 քմ է, մինչդեռ ըստ ԱՀԿ-ի միջազգային չափանիշների՝ պետք է 50 քմ լիներ։
Մթնոլորտում ածխաթթու գազի ավելացումը օդի եւ հողերի որակի վատթարացման, ջրային պաշարների հյուծման եւ աղտոտման, փոխադրամիջոցների ավելացման գործոնների ազդեցությամբ է պայմանավորված, որը կլիմայի փոփոխության հիմնական գործոններից է։ Ըստ մասնագետների կանխատեսումների՝ կլիմայի փոփոխության հետեւանքով Երեւանում մինչեւ 2100 թվականը ջերմաստիճանը կբարձրանա 1.7 °C-ով, իսկ տեղումների ծավալը կնվազի 10 մմ-ով:
Բնապահպան Գեղամ Օհանյանն ասում է՝ Երեւանում շենքերը օրեցօր խտանում են։ Շատերի համար ամենակարեւորը փողն է, շահույթ ստանալը։ Նրանք ուշադրություն չեն դարձնում բնապահպանական խնդիրներին։
«Երբ խոսում ենք շենքերի խտության մասին, ոմանք օրինակներ են ներկայացնում, նշում են քաղաքների անուններ, որտեղ ավելի շատ շենքեր են կառուցված՝ հաշվի չառնելով մյուս փաստերը՝ կլիմայական տարբերությունները, բարձրությունը ծովի մակարդակից, օդի աղտոտումը հնարավորինս նվազեցնելուն միտված միջոցառումները․․․»,- բացատրում է Գեղամ Օհանյանը։
Ըստ նրա՝ Երեւանի քաղաքապետարանը պարբերաբար խոսում է իր կատարած գործերի մասին, բայց նրանք անհրաժեշտ աշխատանքների 5-10 տոկոսն են կատարում։
Մայրաքաղաքում նոր թաղամասեր են կառուցում՝ բարձրահարկ շենքերով։ Զարգացած երկրներում դրանք կառուցելիս հարակից տարածքներում նաեւ դպրոց ու մանկապարտեզ են կառուցում։ Իսկ Հայաստանում այս փաստը հաշվի չի առնվում, եւ նորակառույցի բնակիչը ստիպված է լինում երեխային տանել ավելի հեռու տարածքներում գտնվող կրթական հաստատություն, իսկ դրա հետեւանքով խցանումներն ավելի են շատանում, օդն էլ աղտոտվում է։
Մայրաքաղաքում կան տարածքներ, որտեղ պետք է ծառեր տնկվեն, բայց մնում են ամայի։ 2018-2019 թվականների ընթացքում Գեղամ Օհանյանը բնապահպանական նախաձեռնություն էր մշակել։ Նա ու իր ընկերները պահանջում էին, որ Սարալանջի տարածքում Երեւանի քաղաքապետարանը ծառեր տնկի ու ջրագծեր անցկացնի, որպեսզի կանաչ տարածքը ջրվի։
«Այն ժամանակ քաղաքապետարանն ասում էր՝ ի՞նչ անիմաստ աղմուկ են բարձրացնում բնապահպանները, դա մեր ծրագրի մեջ էր, մենք դա պիտի անեինք։ Ի վերջո ծառերը տնկեցին։ Բայց հիմա անցնում ենք այդ տարածքով ու տեսնում՝ ծառերի մի մասը չորացել է, մյուսներն էլ նորմալ չեն աճում։ Դեռ հարց է՝ այդ խողովակներում ջուր կա՞, ջրվե՞լ են ծառերը։ Այս տարածքները պետք է կանաչապատել, նորմալ ջրել․․․ Մեր քաղաքապետարանը միայն ճոռոմ-ճոռոմ խոսում է »,- ասում է բնապահպանը։
Ըստ նրա՝ մայրաքաղաքն ունի այնպիսի բյուջե, որ, անկասկած, հնարավոր է ակտիվորեն կանաչապատման աշխատանքներ իրականացնել ու հետեւել, որ այդ տարածքները նորմալ ջրվեն, բույսերն աճեն։
Յուրաքանչյուր տարի Ամանորի կամ այլ տոների կապակցությամբ հսկայական գումարներ են ծախսվում, մինչդեռ մայրաքաղաքում բնապահպանական խնդիրների լուծմանը կարելի էր ուղղել այդ գումարները։
«Ամոթ է, որ Երեւանում կանաչապատման հետ կապված՝ այսպիսի խնդիրներ կան։ Այս վիճակը նաեւ մեր քաղաքացիների՝ պահանջատիրության պակասի հետեւանքով է։ Տարածքներ կան, որտեղ պիտի ծառեր լինեին, բայց դրանք աստիճանաբար վերածվում են շենքերի։ Կան քաղաքներ, որտեղ նույնիսկ շենքերի տանիքներն են կանաչապատվում, իսկ ի՞նչ են անում Երեւանում․․․»,- եզրափակում է բնապահպանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։