ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի իշխանությունները, հավանաբար, վերանայել են Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը ի պատասխան Իսրայելի դեմ զանգվածային հարձակում սկսելու իրենց ծրագրերը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հետախուզության գնահատականներին ծանոթ երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքերը։
«Պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք ակնկալում են Իրանի ինչ-որ արձագանք Հանիեի սպանությանը, սակայն Թեհրանը, ըստ երեւույթին, փոփոխություններ է կատարել, եւ ԱՄՆ-ն մոտ ժամանակներում չի ակնկալում հարձակում Իսրայելի վրա»,-գրում է պարբերականը։
ԱՄՆ-ն, ըստ դիվանագիտական աղբյուրների, Իրանին կոչ է արել վերանայել Իսրայելի դեմ հարձակումներ սկսելու որոշումը։ Ըստ աղբյուրների՝ պաշտոնական Վաշինգտոնը զգուշացրել է Թեհրանին, որ զանգվածային հարվածը կուժեղացնի լարվածությունը եւ կստեղծի Իրանի եւ Իսրայելի միջեւ ուղիղ առճակատման վտանգ։ ԱՄՆ-ն ընդգծել է, որ Իսմայիլ Հանիյեի վրա հարձակման ժամանակ Իրանի ոչ մի քաղաքացի չի զոհվել։ Աղբյուրները նշում են, որ Իրանը ի սկզբանե մերժել է Վաշինգտոնի դիրքորոշումը, սակայն այժմ ավելի ու ավելի է համաձայնում ամերիկյան կողմի կարծիքին։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Իրանը փոխել է իր դիրքորոշումը, ասել է որ չի կարող խոսել հետախուզական գնահատականների մասին, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում էսկալացիա։ Նա հավելել է, որ հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին։
Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո ԱՄՆ իշխանությունները տեղեկություն են ստացել, որ Իրանը պատրաստվում է Իսրայելին հարվածներ հասցնել օգոստոսի 3-4-ին։ Իսրայելի իշխանությունները նույն ժամանակահտվածում հայտնել են, որ Իրանը Հունգարիայի միջոցով նախազգուշացրել է հարձակման նախապատրաստման մասին։
Միեւնույն ժամանակ, ըստ Reuters-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խնդրել է «զուսպ» արձագանքել Հանիյայի սպանությանը եւ զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը օգոստոսի 3-ին հայտարարել է, որ «պատշաճ պահին» կպատասխանի Հանիեի սպանությանը: