Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն են ընտրել։ Ընտրությունը կասկածներ է հարուցում։ Մարդիկ պնդում են՝ ընտրություն չի եղել, եղել է վերեւից իջած հրահանգ, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները հնազանդորեն քվեարկել են։
Շատ հնարավոր է, որ պնդումը սխալ է, որ հրահանգ չի եղել ու չեն եղել հնազանդության դրսեւորումներ։ Հնարավոր է անգամ, որ բոլորովին այլ թեկնածուի կապակցությամբ է հրահանգ եղել, բայց խորհրդի անդամները հերոսաբար դիմակայել ու ընտրել են իրենց նախընտրած թեկնածուին։ Հնարավոր է նաեւ, որ կասկածները ճիշտ են՝ եղել է հնազանդ քվեարկություն։
Քանի որ գործընթացը եղել է փակ ու ոչ թափանցիկ, ապա ցանկացած կասկած կարող է հնչել։ Տեղեկատվության պակասը կասկածելու ու չհավատալու իրավունք է տալիս։ Հատկապես՝ որ կա անցյալի փորձը։ Մենք հնազանդ քվեարկության հին ականատեսներ ենք։ Մենք սովետից ենք գալիս՝ գիտենք, թե ինչպես են քվեարկել։ Տեսել ենք նաեւ, թե ինչպես են քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ Ա1+ հեռուստաընկերությունն էր փակվում, տեսել ենք Սերժ Սարգսյանի ժամանակներն ու հիմքեր, որ այսօր այլ տարբերակ է գործում՝ չունենք։
Խորհրդի անդամները վիրավորվել են, որ իրենց չեն վստահում, որ իրենց իրենցից առաջ եղածների հետ են համեմատում-նույնացնում։ Հայտարարում են, թե ի տարբերություն իրենցից առաջ եղածների, իրենց ճնշել հնարավոր չէ, թե իրենք ուրիշ են։
Խոսքը, բայց, բոլորովին էլ ճնշումների մասին չէ։ Ոչ ոք չի ասում, թե խորհրդի անդամներին առանձին-առանձին կամ բոլորին միասին մի սենյակում փակել, սպառնացել, վախեցրել, ճնշել ու քվեարկել են ստիպել։ Բոլորովին։ Այդ մեքենան այդպես չի աշխատում։
․․․ Խորհրդային իշխանություններն ավանդույթ ունեին՝ ցուցադրելու համար, որ հանրությունը միահամուռ ու առանց վերապահումների դատապարտում է այլախոհությունը՝ ժամանակ առ ժամանակ այս կամ այն այլախոհին, ասենք՝ օրինակ, Սախարովին, դատապարտող հայտարարություններ էին հրապարակում։ Տարբեր հանրապետություններից այդ հայտարարությունները ստորագրում էին հայտնի գրողներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ։ Հայաստանից նման դատապարտումների տակ հաճախ լինում էին Վիկտոր Համբարձումյանի ու Սիլվա Կապուտիկյանի ստորագրությունները։
Ասել, թե Վիկտոր Համբարձումյանին ու Սիլվա Կապուտիկյանին տանում էին Պետական անվտանգության կոմիտե, եղունգների տակ ասեղներ էին մտցնում, այլ կարգի դաժան ճնշումներ բանեցնելով պարտադրում էին ստորագրել ամոթալի այդ տեքստերը՝ սուտ կլինի։ Ինչպես նաեւ սուտ կլինի պնդելը, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ա1+ հեռուստաընկերությունը փակելու օգտին քվեարկած ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին եւ անդամներին կանչել են նախագահի աշխատակազմ, սարսափեցրել, ճնշել ու պարտադրել են։
Ո՛չ պարտադրել են, ո՛չ սարսափեցրել են, ո՛չ էլ համոզել են։ Առանց պարտադրանքի ու առանց համոզելու էլ այդ մարդիկ իմացել են, որ պետք է ստորագրեն, որ պետք է քվեարկեն։
Սա լուռ համաձայնություն է, որ կնքում են իշխանությունն ու նրանք, ում այդ իշխանությունն ընտրում ու քվեարկող-ստորագրող է կարգում։ Երկու կողմերն էլ գիտեն՝ երբ գա պահը՝ դիմադրություն չպետք է լինի։ Այսպես է աշխատել եւ այսպես է աշխատում համակարգը։
Քվեարկողն, իհարկե, որոշում կայացնելու ազատություն ունի։ Կուզի՝ լուռ կքվեարկի, կուզի՝ դեմ դուրս կգա ու չի քվեարկի։ Կուզի՝ կստորագրի, չի ուզի՝ չի ստորագրի։ Չքվեարկելու կամ չստորագրելու դեպքում, բայց, եթե քննարկենք Վիկտոր Համբարձումյանի ու Սիլվա Կապուտիկյանի օրինակները՝ չէին լինելու պատվավոր կոչումները, նյութական ապահովությունը, հազարավոր տիրաժներով գրքերի հրապարակումներն ու թարգմանությունները, արտասահման այցերը, չէր լինի բարձրաստիճան չինովնիկների մոտ ազատ ելումուտը, ինչը հարցեր լուծելու հսկայական հնարավորություն էր։
Ավելին՝ դուրս կթռնեին ընտրյալների ցուցակից, կարող էին նաեւ հայտնվել մերժվածների ցանկում՝ բոլոր տխուր հետեւանքներով հանդերձ։ Հնազանդ քվեարկությունը, անմռունչ ստորագրությունը վճարն են բոլոր այն բարիքների դիմաց, որ տարին բոլոր ստանում են լիուլի այս ընտրյալները։
Քանի որ մեր օրերի իշխանություններն իրենց բնույթով չեն տարբերվում երեկվա իշխանություններից՝ չեն տարբերվում նաեւ մեր օրերի ընտրյալները երեկվա ընտրյալներից։ Նույնն են խաղի կանոնները, նույնն են պայմանները։ Կարող ես քվեարկել անտրտունջ ու չզրկվել նյութական ապահովությունից։ Կարող ես եւ հրաժարվել։ Այս դեպքում, բայց, զրկվում ես կարգավիճակի տված բարիքներից։ Իսկ բարիքներից հրաժարվելն, ինչպես հայտնի է, հեշտ գործ չէ եւ ցանկացած մեկին հասու չէ։ Հետեւաբար՝ կասկածները, որ քվեարկությունը ազնիվ չի եղել, որ հանձնարարություն է եղել՝ լինելու են։
Մեսրոպ Հարությունյանը կասկածները փարատելու տարբերակ էր առաջարկել՝ «եթե ՀՀԽ անդամները ցանկանում էին, որ հանրությունը հավատա իրենց, պետք է կազմակերպեին թափանցիկ ու բաց ընտրություն։ Սա նշանակում է, որ տնօրենի բոլոր թեկնածուները պիտի գային եւ հատկացված որոշակի ժամանակահատվածում (ասենք՝ յուրաքանչյուրը 40 րոպե) ներկայացնեին իրենց հայեցակարգը, պատասխանեին հարցերին, այս ողջ գործընթացը հեռարձակվեր, մենք էլ հետեւեինք դրան եւ համոզվեինք, որ արդար ընտրություն է կատարվել։ Թե չէ՝ ով էլ ասես կարող է լավ հայեցակարգ գրել, կամ էլ՝ գրել տալ, կամ էլ՝ մեկի համար գրեն նրանք, ովքեր արդեն իսկ «դաբրո» էին տվել այդ մեկի թեկնածությանը։ Իսկ բանավոր քննարկումը ցույց կտար, թե ով է իսկապես տիրապետում իրավիճակին եւ առաջարկում հիմնավոր լուծումներ»։
Վատ առաջարկ չէ։ Բայց կա՞ արդյոք կասկածները փարատելու ԻՐԱԿԱՆ ձգտում, թե խորհրդի անդամներն ուղղակի ցանկանում են, որ մենք իրենց հավատանք միայն այն պատճառով, որ նրանք երեկվա մեր ճամփակիցներն են կամ մեր ընկերներն են։ Մենք, թեկուզ միայն մեր բարեկամներին չնեղացնելու ցանկությունից դրդված, հավատալու համար պատրաստ ենք ջանք գործադրել, բայց դժվար է շատ․ ինչպե՞ս հավատանք, եթե տասնամյակների խորքից եկող եւ այսօր էլ գործող մեքենան նույնն է։ Եթե այն չի փշրվել, եթե նույն փակ շղթան է։ Եթե չկա այն փշրելու ցանկություն ու կամք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։