Կատալոնիայի ոստիկանությունը գործողություն է սկսել շրջնի նախկին անջատողական առաջնորդ Կառլես Պուչդեմոնին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար, ով յոթ տարի ինքնակամ աքսորից հետո առաջին անգամ վերադարձել է Իսպանիա:
Երկիր ժամանելուն պես Պուչդեմոնը Բարսելոնայում ելույթ էր ունեցել հավաքված հազարավոր կատալոնացիների առաջ, որից հետո նորից անհետացել էր:
Չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի խորհրդարանը համաներման մասին օրենք է ընդունել դեռ 2017 թվականին՝ ներում շնորհելով Կատալոնիայի անկախության ձախողման քարոզարշավի մեջ ներգրավված գործիչներին, Պուչդեմոնի ձերբակալման օրդերը հետ չի կանչվել։
Թե ինչպես եւ երբ է նա վերադարձել Իսպանիա, հայտնի չէ։
Բրիտանական BBC-ն գրում է, որ հինգշաբթի օրը Կատալոնիայի խորհրդարանում ծրագրված է ձախ կենտրոնամետ գործիչ Սալվադոր Իլայի շրջանի նոր ղեկավարի պաշտոնում նշանակման ընթացակարգը, ինչը դրդել է նախկին ձախողված առաջնորդին վերադառնալ հայրենիք։
Ավելի քան տաս տարի անց, հանձինս Իլայի Կատալոնիան կունենա առաջին ոչ անջատողական առաջնորդը, ում կուսակցությունը մայիսիսն կայացած ընտրություններում հաղթանակ տարավ անջատողական մեծամասնության նկատմամբ։
Պուչդեմոնը լքել է Իսպանիան այն բանից հետո, երբ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել՝ կապված 2017 թվականին Կատալոնիայի անկախության հռչակման անհաջող փորձի հետ։
Կատալոնիայի անկախության կողմնակից առաջնորդները, այդ թվում՝ Պուչդեմոնը, այդ տարում հանրաքվե կազմակերպեցին, որն անօրինական ճանաչվեց Իսպանիայի սահմանադրական դատարանի կողմից, այնուհետեւ հայտարարեցին տարածաշրջանի անկախության մասին:
Դրանից անմիջապես հետո Մադրիդը ուղիղ կառավարում մտցրեց շրջանում, իսկ Պուչդեմոնը փախավ Բելգիա։
Հինգշաբթի առավոտյան Պուչդեմոնը զրուցել է Բարսելոնայում Կատալոնիայի խորհրդարանի մոտ հավաքված հարյուրավոր կողմնակիցների հետ՝ Կատալոնիայի կառավարության նոր ղեկավարի սպասվող նշանակումից անմիջապես առաջ։ Այդ ժամանակ նա հայտարարել է, որ «հանրաքվեի անցկացումը հանցագործություն չէ եւ երբեք չի լինի»։
Կատալոնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ փակել է Բարսելոնայից դուրս եկող ճանապարհները եւ խստացրել վերահսկողությունը։ Հայտարարվել է նաեւ ոստիկանության աշխատակիցներից մեկի ձերբակալության մասին՝ Պուչդեմոնին վերադառնալու հարցում օգնելու համար։