Գյումրու սրտում գոյատեւող «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքը թեեւ ոչնչացման եզրին է, բայց դեռ քաղաքի այցեքարտերից մեկն է եւ զբոսաշրջային ամենապահանջված հասցեն:
«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի, եզակի ճարտարապետական լուծումով փայտե պատշգամբը եւ շենքն ամեն անձրեւից հետո փլուզվում, քայքայվում է: Վերջին մեծ փլուզումը գրանցվեց օրերս՝ Գյումրիում մեծ շուքով, նույքան էլ մեծ արժեքով անցկացված «Ֆեստիվառի» օրը:
Մեկ-երկու օրով կրկին բոլորն ակտիվացան: Ընդդիմադիրներն իրենց պարտքը համարեցին շենքի «մահախոսականի» մասին մի-մի «ստատուս» գրել՝ մոռանալով, որ մուրճն ու մեխն իրենց ձեռքում էլ է եղել։ Իսկ պատկան մարմինները մեղավորության սլաքներն այլ ուղղությամբ տարան: Դրանից ոչինչ չփոխվեց, պատմամշակութային արժեք ունեցող շենքի փլուզումն էլ չդադարեց:
«Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող, Գյումրու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված «Վառեմ-մարեմ» շենքը 1860-ական թվականներին կառուցել է գյումրեցի վաճառական Խաչատուր Աբովյանցը:
Հետագայում ռուսական բանակի կապի հանգույցն է տեղակայվել նույն շենքում եւ դարձել Ալեքսանդրապոլի միակ փոստային բաժանմունքը։
Խորհրդայյին կարգերը Աբովենցից խլում են շենքը: Մինչեւ 1960-ականները շինությունը ծառայել է սահմանապահներին, հետագայում այստեղ են կազմակերպվել Լենինականի Մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության, երգ-երաժշտության դասերը։
1988-ի աղետից շենքը կանգուն է մնում եւ դառնում անտուն գյումրեցիների ապաստան: Տարիներ անց բնակիչները գնում են, անխնամ մնացած շենքը սկսում է քանդվել-քայքայվել:
2009 թվականին Մշակույթի նախարարության հայացքը վերջապես ուղղվում է մշակութային արժեք ունեցող կառույցին. Կառավարության որոշմամբ շենքը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցվում է նախարարության ենթակայությանը, բայց դրանից ոչինչ չի փոխվում:
Միակ գործուն քայլը եղել է 2011 թվականին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվում է կառույցի կից հատվածը, որտեղ տեղակայվում է Շիրակի մարզային գրադարանը:
2017-ին Մշակույթի նախարարությունը կրկին «կենդանության նշաններ» է ցույց տալիս. մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանը հեռուն գնացող ծրագրով ոգեւորում է գյումրեցիներին, թէ շուտով վերանորոգված շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ են լինելու, երկրորդ հարկում Գյումրու պատկերասրահ եւ երկրագիտական թանգարան: Հետո ասացին՝ միայն պատշգամը վերանորոգենք, դա՛ էլ չարեցին:
Կարճ ժամանակ անց նույն նախարարությունը մեկ այլ «հանճարեղ» միտք է հղանում, թե մեր պատմամշակութային ժառանգությունը տանք ռուսներին՝ փրկեն: Տվեցինք, ո՛չ վերցրին, ո՛չ էլ, առավել եւս, փրկեցին:
Հետհեղափոխական նոր Կառավարությունը «Վառեմ-մարեմ»-ը տվեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որ վերակառուցեն, տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոնի վերածեն։ Փաստելու կարիք չկա, բոլորն են տեսնում, որ չարվեց:
Շենքը փրկելու նոր նախաձեռնության մասին նոր ասելիք ունի գյումրեցի ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Նա վստահեցնում է, որ հայտնի կառույցը փրկելու ծրագիր են քննարկել Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի ղեկավարությունների եւ գյումրեցի Պետրոսյան եղբայրների հետ:
Պետգույքի կառավարման կոմիտեն արդեն շրջանառության մեջ է դրել նախագիծը, եթե այլ գերատեսչությունները դրական եզրակացություններ տան, ծրագիրը կհասնի Կառավարություն:
Գալով տեղական իշխանության շահագրգռվածությանը, հարկ է նշել, որ քաղաքապետարանը «ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել»: Շենքը համայնքապատկան չէ, նախարարությանն է պատկանում, հետեւաբար «գլխից էլ են ազատվել, գլխացավից էլ»: Անգամ հարկ չեն համարում ժապավեններ ամրացնել, վտանգավոր լինելու մասին զգուշացնող ցուցանակներ տեղադրել, որ մեր մշակութային արժեքով հիացող զբոսաշրջիկի համար հիացմունքը կյանք չարժենա:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։