Մոսկվան կապի մեջ է Թեհրանի եւ այլ կողմերի հետ՝ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում էսկալացիան կանխելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Մերձավոր Արեւելքում դեէսկալացիայի օգտին եւ տարածաշրջանի բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում։
«Մենք կոչ ենք անում բոլորին զերծ մնալ հետագա էսկալացիայից, որը աղետալի հետեւանքներով է սպառնում տարածաշրջանի բոլոր երկրներին։ Եվ, իհարկե, պետք է քաղաքական լուծումներ փնտրել առկա այս խնդիրների համար»,-ասել է Բոգդանովը։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։