Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանում, որի տարածքում օգոստոսի 11-ին հրդեհ էր բռնկվել, ռադիացիայի մակարդակի բարձրացման վտանգ չկա։
Գրոսսիի հայտարարության մեջ ասվում է, որ ԱԷՄԳ-ի փորձագետները, որոնք աշխատում են Զապորոժիեի ատոմակայանում, «ամբողջ երեկոյան բազմաթիվ պայթյուններ լսելուց հետո թանձր, մուգ ծուխ են նկատել, որըբարձրացել էր ատոմակայանի հյուսիս-արեւմտյան մասից»:
Զապորոժիեի ատոմակայանի ղեկավարությունը, որը նշանակվել է Ռուսաստանի կողմից՝ դեռ 2022-ի մարտին ատոմակայանը վերահսկողության տակ վերցնելուց հետո, ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ կայանի հովացման աշտարակներից մեկըենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Ատոմակայանի ղեկավարությունը նաեւ տեղեկացրել է, որ հարձակման ենթարկված հատվածում ռադիոակտիվ նյութեր չեն եղել։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կողմից իրականացված չափումները նույնպես չեն հայտնաբերել ճառագայթման մակարդակի աճ:
Գրոսսին ընդգծել է, որ «անխոհեմ հարձակումները վտանգում են միջուկային անվտանգությունը եւ մեծացնում միջուկային վթարի վտանգը»՝ կոչ անելով չհարվածել կայանին: Թե հակամարտող կողմերից որի ԱԹՍ-ն է հարվածել կայանին ԱԷՄԳ-ն չի հաստակեցրել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 11-ի երեկոյան հրապարակել է Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի տեսանյութը՝ գրելով, որ այն սկսել են կայանը գրաված ռուսները։
Ռուսական կողմն էլ պնդել, որ հրդեհը սկսվել է, երբ ուկրաինական կողմի արձակած անօդաչու թռչող սարքը խոցել է ատոմակայանի երկու հովացուցիչ աշտարակներից մեկը։ Ռուսաստանի կողմից նշանակված ատոմակայանի ղեկավարությունն էլ օգոստոսի 12-ին հայտարարել է, որ հրդեհը մարվել է, հովացման աշտարակը այրվել է ներսից, եւ դեռ պարզ չէ, թե երբ կարող է վերականգնվել։