ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը, ով այդ պաշտոնում ընտրվել էր նախկին ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, Եգիպտոսի եւ Կաթարի միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել Իսրայելին, որով հայտնել է զինադադարի պատրաստակամության մասին, գրում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին։
Երկու աղբյուրների փոխանցմամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստ է գործարքին՝ անկախ իր ղեկավարած քաղաքական կոալիցիայի համար դրա հետագա հետեւանքներից։ Սակայն Իսրայելի անվտանգության պաշտոնյաները թերահավատորեն են վերաբերվում Նեթանյահուի պատրաստակամությանը, հաշվի առնելով նրա կոալիցիայի որոշ ծայրահեղ աջ նախարարների դիմադրությունը:
Համաձայնագրին դեմ է Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, ով այն անվանել է «կապիտուլյացիա»։ Առարկություններ է հայտնել նաեւ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։
CNN-ի աղբյուրներից մեկն էլ հայտնել, որ «ոչ ոք չգիտի», թե ինչ է ուզում Նեթանյահուն: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները Իսրայելի ղեկավարությանը «հասկացրել են», որ Վաշինգտոնում ակնկալում են, որ նա կկնքի հրադադարի համաձայնագիր՝ ավելի լայն տարածաշրջանային պատերազմից խուսափելու համար, ասել է CNN-ի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։