Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 11-ին հրամանագիր է հրապարակել, որի համաձայն Վրաստանում եւ Ադրբեջանում գտնվող բոլոր ռեզերվային այն զինվորականները, ովքեր ներգրավված չեն մարտական հերթապահության մեջ, պետք է անհապաղ վերադառնան Իսրայել։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոն։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը նաեւ ռադիոյին հայտնել է, որ բանակը «շարունակաբար գնահատում է սպառնալիքները եւ թարմացնում է այն երկրների ցանկը, որտեղ թույլատրվում է զինվորական անձնակազմի մուտքը»:
Նշենք, որ օգոստոսի 10-ին The Daily Telegraph-ն էլ հղում կատարելով իրանական բարձարստիճան անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվությանը գրել էր, որ Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը փորձում է Իսլամական հեղափոխության պահպանության կորպուսի ղեկավարությանը համոզել հրաժարվել Իսրայելին ուղիղ հարվածներ հասցնելուց, որը պետք է լինի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմաիլ Հանիեի սպանության պատասխանը։
The Daily Telegraph-ի փոխանցմամբ Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանային ավելի լայն էսկալացիայից խուսափելու համար հարվածներ հասցնել Ադրբեջանի եւ իրաքյան Քուրդիստանի տարածքներում տեղակայված իսրայելական գաղտնի ռազմակայաններին՝ այդ երկրների ղեկավարություններին նախապես տեղյակ պահելուց հետո։
«Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելին ուղիղ հարվածները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ։ Նա հիշեցրել է, որ մեզ համար հաջողություն է եղել, որ մենք նախորդ անգամ Իսրայելի հետ լայնամասշտաբ պատերազմի մեջ չենք ներքաշվել»,-ասել է Իրանի նախագահի օգնականը, ում անունը պարբերականը չի նշում։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։