«Փոքր քայլերից դեպի առաջընթաց․ երիտասարդները ստեղծում են թվային ուղիներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով Երիտասարդների միջազգային օրը Գյումրիում տոնեցին ոչ միայն զանգվածային միջոցառումով, այլեւ խնդիրները վերհանեցին, փորձեցին հասկանալ կարիքները:
Միջոցառման կազմակերպիչ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը միացել եւ աջակցել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը, Գյումրու համայնքապետարանը:
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ասում է՝ մինչեւ միջոցառումը կազմակերպելը երիտասարդների շրջանում հարցում են արել, ամրագրել նրանց առաջ քաշած խնդիրները:
«Երիտասարդներն այսօր այնպիսի մարտահրավերների են բախվում, որ իրենց տարիքին բնորոշ չէ, դրանք հաղթահարելու համար թե՛ քաղհասարակությունը, թե՛ պետությունը պետք է քայլեր ձեռնարկեն դիմակայունությունը կոփելու համար: Այսօր երիտասարդին ապահով հարթակ է պետք, որ դրսեւորվի, նախաձեռնողականություն ցուցաբերի, քաղաքացիական ակտիվություն ունենա»,- վստահեցնում է Արթուր Նաջարյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աշխատանքային խումբը մտահոգիչ տվյալներ է ներկայացնում, բայց հույս ունեն, այս թվերրը պետության ուշադրությունը կսեւեռեն երիտասարդների վրա: Ըստ ուսումնասիրությունների՝ այսօր ամբողջ աշխարհում երիտասարդների թիվը գնալով աճում է: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակն է: Վերջին տասնամյակներին երիտասարդների թիվը 900 հազարից նվազել, հասել է 750 հազարի:
Կազմակերպությունը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ պարզել է նաեւ երիտասարդների երազանքները: Հարցվողների գրեթե կեսը խաղաղություն է երազում:
«Երիտասարդների քաղաք» միջոցառումն այս տարի Գյումրիում համախմբել էր բազմաթիվ մասնակիցների ամբողջ աշխարհից: Քաղաքի կենտրոնում տեղադրված էին «Երիտասարդների կանգառ» թեմատիկ տաղավարներ՝ թվային գործիքներ, ինքնախնամք, անտիսթրես, գրկախառնության, միջմշակութային եւ այլ խորագրերով:
Հարրի Փիրսինը 24 տարեկան է, ԱՄՆ-ից է, խաղաղության կորպուսի կամավոր: Հասցրել է հայերեն սովորել, ուրախ է, որ եկել է Գյումրի, շփվել երիտասարդների հետ: «Այստեղ մարդիկ շատ տաղանդավոր են, եթե մի փոքր հնարավորություն լինի, կհասնեն իրենց համարձակ երազանքներին»,-ասում է Հարրին, նաեւ հավելում, որ գյումրեցի երիտասարդները մի փոքր տխուր են, կարծում է՝ մոտիվացիան է քիչ:
Գրկախառնության տաղավարից ամերիկացի Մարկ Քլենսին ավելի անկաշկանդ լինելու կոչեր է հնչեցնում: Ասում է՝ հիմնականում արտերկրացիներն են մոտենում տաղավարին, գրկախառնվում, դրական հույզերով կիսվում միմյանց հետ: «Տեղացիները կոմպլեքսավորված են, բայց մեզ տեսնում, քիչ-քիչ բացվում են»,- ասում է Մարկը:
Ալլա Բարսեղյանն էլ հակասթրեսի դեղատոմս է հրամցնում, հումորային բացիկներ, թղթեր, գունավոր խաղեր առաջարկում: «Թեեւ դժվար էր, բայց հաջողվեց մարդկանց ժպիտ ու ծիծաղ պարգեւել»,- ասում է Ալլան:
Աշխատարաններում տարատեսակ ինֆորմացիայով եւ նոր գիտելոիքներով հարստանալուց հետո միայն երիտասարդները մասնակցեցին համերգային ծրագրին:
Միջոցառումը շարունակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գավառում եւ Վաղարշապատում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։