Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը օգոստոսի 13-ին հրապարակել է Կուրսկի մարզում տիրող իրադրության վերաբերյալ նոր տեղեկագիր։
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հյուսիս» բանակային խումբը եւ ռեզերվային ուժերը բանակային ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու կրակային աջակցությամբ կարողացել են 24 ժամվա ընթացքում կասեցրել Ուկրաինայի Զինված ուժերի շարժական խմբերի ռուսական տարածք զրահամեքենաներով ներխուժելու փորձերը։
Մարտական գործողություննեն ընթացել են մասնավորապես Կուրսկի մարզի Կորենեւսկի շրջանի Կաուչուկ, Օբշչի Կոլոդեզ, Սնագոստ եւ Ալեքսեեւսկի բնակավայրերի մոտ։
Թվրակած բնակավայրերից երեքը՝ Կաուչուկ, Օբշչի Կոլոդեզ եւ Ալեքսեեւսկի գյուղերը, ռուս-ուկրաինական պետական սահմանից գտնվում են ուղիղ գծով 26-28 կիլոմետր հեռավորության վրա։
Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ռուսական ստորաբաժանումները հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի մեկ այլ հարձակում Սուդժանսկի շրջանի Մարտինովկա գյուղի ուղղությամբ (սահմանից 14 կիլոմետր հեռավորության վրա), որի արդյունքում սպանվել է 15 ուկրաինացի զինվորական, խոցվել երկու զրահամեքենա եւ երկու ավտոմեքենա: Գերատեսչությունը նաեւ պնդում է, որ ռուսական զորքերը մաքրել են Օզերկի գյուղը (հավանաբար Բելովսկի շրջանի սահմանամերձ գյուղն է), որի արդյուքնում սպանվել է կրկին մինչեւ 15 ուկրաինացի զինվորական, ոչնչացվել Stryker չորս զրահափոխադրիչ եւ գերեւարվել Ուկրաինայի ԶՈւ վեց զինծառայող։
Երկուշաբթի օրը նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի շրջանի 28 բնակավայրեր։
Նրա խոսքով, այդ 28 բնակավայրերում բնակվում է մոտ 2 հազար մարդ, որոնց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։