Ռուսաստանը դուրս է բերում իր զինված ուժերի մի մասը Ուկրաինայից՝ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը դիմակայելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի զրուցակիցները միեւնույն ժամանակ չեն հստակեցրել, թե որքան զորք է Ռուսաստանը դուրս բերում ուկրաինական տարածքներից։ Չի հաղորդվում նաեւ, թե որ ուղղությամբ են զորքերը տեղափոխվում։
Նախօրեին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրը The Economist-ին հայտնել էր, որ Ռուսաստանը, Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի հարձակման ֆոնին, հետ է քաշում ուժերը ռազմաճակատի Խարկովի ուղղությունից, բայց ոչ այն արագությամբ որքան սպասում էր Կիեւը: Պարբերականը նշել էր, որ Ռուսաստանը տեղափոխել է իր ուժերի մի մասը Խարկովի ուղղությունից, սակայն Դոնբասի շրջանի ճակատից շատ ավելի քիչ զորքեր է հետ քաշել։
The Wall Street Journal-ը ուկրաինական տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման մասին հաղորդագրություններն անվանում է առաջին նշանն այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի շրջան ստիպում է Մոսկվային վերաբաշխել իր ռեսուրսները։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ ներխուժել են օգոստոսի 6-ին եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։