Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ուկրաինական զորքերը Կուրսկի մարզի Սուջա քաղաքում ավարտել են «թշնամու հայտնաբերման եւ ոչնչացման գործողությունները»: Գեներալի զեկույցի տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով, օգոստոսի 14-ին Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում որոշակի ուղղություններով մեկ կամ երկու կիլոմետր առաջխաղաղացում են ապահովել։
«Ընթացիկ օրվա սկզբից զորքերը որոշակի ուղղություններով առաջ են շարժվել 1-ից մինչեւ 2 կիլոմետր։ Սուջա բնակավայրում ավարտվել են հակառակորդի հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները»,-ասել է գեներալ Սիրսկին:
Նա նաեւ հավելել է, որ օրվա սկզբից գերեվարվել է ռուսական բանակի ավելի քան 100 զինվորական։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ տելեգրամյան էջում կատարած գրառման մեջ նշել է․ «Առաջ ենք շարժվում Կուրսկի մարզում։ Օրվա սկզբից տարբեր տարածքներում մեկից երկու կիլոմետր։ Եվ ավելի քան 100 գերեւարված ռուս զինվորականներ այդ նույն ժամանակահատվածում։ Ես շնորհակալ եմ բոլոր ներգրավվածներին: Սա կարագացնի մեր տղաների տուն վերադարձը»։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ ներխուժել են օգոստոսի 6-ին եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։