ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամներից մեկը BBC-ին հայտնել է, որ պաղեստինյան շարժումը չի մասնակցի Գազայում զինադադարի եւ պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոր բանակցություններին։
Մինջորդների մասնակցությամբ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ բանակցությունները նախատեսված էին օգոստոսի 15-ին Կատարում: Իսրայելը հաստատել է իր մասնակցությունը։
Պաղեստինյան շարժման ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ խմբավորումը «չի ցանկանում մասնակցել բանակցություններին հանուն բանակցությունների, որոնց քողի տակ Իսրայելը շարունակում է պատերազմը»։
ՀԱՄԱՍ-ը, ըստ BBC-ի զրուցակցի, ցանկանում է տեսնել «ճանապարհային քարտեզ», պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ ծրագիր, որը պետք է հիմնված լինի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված առաջարկների վրա։
Շարժման ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է բանակցություններից առաջ լրացուցիչ պայմաններ առաջադրելու մեջ։ BBC-ն էլ հավելում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ այդ մեղադրանքները վերադարձնում է ՀԱՄԱՍ-ին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից նախօրեին հաստատել էին, որ իսրայելական պատվիրակությունը մասնակցելու է Գազայի հատվածում հրադադարի եւ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման բանակցություններին։
Բանակցություններին մասնակցելու համար, ինչպես ավելի վաղ հայտնել էին իսրայելական լրատվամիջոցները, Դոհա կմեկնեն «Մոսադի» հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան, «Շին-Բեթ» անվտանգության ծառայութայն ղեկավար Ռոնեն Բարը, ինչպես նաեւ Նեթանյահուի խորհրդականները եւ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները։