ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ուկրաինական ռազմաճակատում զարգացումների դինամիկան։ Այս մասին գրում է «Voice of America»-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերի հայտարարությունը։
Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինային ամերիկյան օգնության առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաեւ Ուկրաինայի զինված ուժերի ընթացիկ գործողությունները։
Օսթինը եւ Ումերովը նաեւ ընդգծել են դաշնակիցների եւ գործընկերների վճռական աջակցությունը՝ «Ուկրաինայի հրատապ ռազմական կարիքները բավարարելու» հարցում:
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու գործում Ուկրաինային օգնելուն»,- X-ի իր էջում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը։
«Ումերովը թարմացված տեղեկատվություն է տրամադրել ռազմական գործողությունների դինամիկայի, ինչպես նաեւ Ուկրաինայի վրա Ռուսաստանի շարունակվող հարձակումների ազդեցության մասին», — ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։