Սահմանապահ Բարձրունու վարչական կենտրոնի տանիքին շուտուվ 10 կՎտ հզորությամբ արեւային կայան կտեղադրվի։ Չափագրումներ են արվում։ Կայանն ստացել են «Համայնքների մոբիլիզացման եւ կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակում («ԵՄ—ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում (Բաղադրիչ 2) հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիր)։
Վայոց ձորի Վայք համայնքի այս բնակավայրը «կանաչ» տեխնոլոգիաներին վաղուց է ծանոթ։ Մոտ 10 տարի է՝ գյուղի մեծամասնությունը ջրատաքացուցիչներ է օգտագործում․ գոհ են։ Բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Ալեքսանյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ դրանք արդյունավետ են, բայց ժամանակ է պետք, որ բնակիչները հասկանան նպատակահարմարությունը։ Պետք է համոզվեն, որ այդ տեխնոլոգիաները ֆինանսապես շահավետ են եւ անվտանգ բնապահպանական տեսանկյունից։
«Ջրատաքացուցիչները գյուղում տարիներ առաջ ընդամենը 4-5 ընտանիք էր տեղադրել։ Մյուսները տեսան, որ օգտագործողները գոհ են, իրենք էլ սկսեցին կիրառել։ Այսօր գյուղի բնակիչների 70 տոկոսն արեւային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչներ ունի»,-ասում է Ալեքսանյանը՝ նշելով, թե նույնը հոսանք արտադրող արեւային կայանների դեպքում կարող է լինել։
Գյուղի դպրոցի տանիքին էլ է արեւային կայան տեղադրված։ Արդյունքները դեռ լիովին տեսանելի չեն, սակայն վարչական ղեկավարն ասում է՝ ծախսերը բավականին կրճատվել են։
Վարչական կենտրոնի տանիքին տեղադրված արեւայինն կայանի աշխատանքի արդյունքում էլ կուտակված միջոցները պետք է համայնքային ծրագրերի իրականացմանն ուղղվեն։ Ծրագրերը կմշակեն, երբ տեղադրումից որոշ ժաանակ հետո հաշվարկեն՝ ինչքան են խնայում։
Ամիսներ առաջ գյուղի բնակիչներից մեկը, որը 60 մեղվափեթակ ունի, էլեկտրական հովիվ է ստացել։ Ալեքսանյանն ասում է՝ դրանից հետո ոչ մի վայրի կենդանի վնաս չի հասցրել փեթակներին։ Այս գյուղում էլ, ինչպես Վայքի մյուս բնակավայրերում եւ ամբողջ Վայոց ձորում, սովոր են արջերի հաճախակի այցելություններին։ Դրանք վնասում են ընտանի կենդանիներին, պտղատու այգիները, երբեմն անգամ տներին հասնում։
Արսեն Ալեքսանյանն էլ տուժողներից մեկն է․ նախորդ տարի արջն ընտանիքին պատկանող չորս մեղվափեթակ է վնասել, ընդհանուր առմամբ մոտ 250 000 դրամի վնաս է եղել։ Ինքն, ինչպես մյուսները, փոխհատուցում չի ստացել։
Վայք համայքնում էլ խնդիրը սուր է․ համայնքապետարանը բոլոր բնակավայրերից բազմաթիվ դիմումներ է ստանում։ Միակ բանը, որ կարող են անել, վնասները չափել-արձանագրելն է։ Համայնքի բյուջեն սուղ է այդքան փոխհատուցում հատկացնելու համար։
Համայնքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Գառնիկ Գեւորգյանը հայտնում է՝ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում էլեկտրական հովիվներ եւ արեւային կայաններ տրամադրվել են համայնքի գրեթե բոլոր բնակավայրերին։ Էլեկտրական հովիվները տալիս են այն ձեռներեցներին, որոնք ամենաշատ մեղվափեթակներն ունեն։
Թեեւ վնասներ կրած բնակիչները փոխհատուցում չեն ստանում, սակայն հերթական ծրագրի արդյունքում ստացած «կանաչ» տեխնոլոգիան հետագայում հատկացվում է հենց այդ բնակավայրին։
Դրանք նպաստում են բնության պահպանությանը, սակայն հավելյալ գործոններ են անհրաժեշտ, որոնց բացակայությունը խանգարում է։ Վայք համայքնի մոտ 55 տոկոսն է գազաֆիկացված (քաղաքային բնակավայրի՝ 95 տոկոսը)։ Սա որոշ դեպքերում ծառահատումների պատճառ կարող է դառնալ։ Մոտ ապագայում գազաֆիկացման հնարավորություն չկա․ հերթում են խմելու եւ ոռոգման ջրագծերի, ճանապարհների, այլ ենթակառուցվածքների կառուցումը։ Հույս ունեն՝ արեւային էներգիայի օգտագործման բազմաթիվ մեթոդների կիրառման ալիքը ժամանակի ընթացքում էապես կփոխի իրավիճակը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: