ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իրանի իշխանություններին տեղեկացրել է, որ չի ցանկանում Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնում։ Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում շարունակում են պահպանվել լուրջ մտավախություններ, որ Իրանը դեռ կհարվածի Իսրայելին՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով ամերիկյացի պաշտոնյաներին։
«Մենք գիտենք, որ նրանք ուշադրություն են դարձնում մեր հաղորդագրություններին, բայց մենք չգիտենք, թե որքանով դա կփոխի նրանց կարծիքը», — պարբերականին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ պարբերականի հենց այս անորոշությունը Սպիտակ տանը պահում է լարվածության մեջ։
WSJ-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը դեռեւս չի կարող հստակեցնել, արդյո՞ք Իսրայելի տարածքի վրա Իրանի հարվածներն այս անգամ էլ ավելի ուժգին կլինեն, համեմատած ապրիլյան հարձաման հետ, որն իրականացվել էր ի պատասխան Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծմանը, թե Թեհրանը ընդհանրապես չի պատասխանի Հանիեի սպանությանը։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչը պարբերականին բացատրել է, որ Պենտագոնի անորոշությունը մասամբ պայմանավորված է Իրանի ռազմական ներուժի ավելացման հետ, որի հնարավորությունները բացահայտվել են Իսրայելի վրա ապրիլյան հարձակման ժամանակ։ Հրեական պետության վրա Իսլամական Հանրապետության հերթական զանգվածային հարձակման հավանականությունը ծայրահեղ անհանգստություն է առաջացնում Վաշինգտոնում:
Միացյալ Նահանգները տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին հինգերորդ սերնդի F-22 Raptor բազմանպատակային կործանիչներ եւ միջուկային էներգիայով աշխատող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Մերձավոր Արեւելք ուղարկելու որոշում է կայացրել։ Նման տեղաշարժերի նպատակը Իսրայելը եւ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները Իրանի հնարավոր հարձակումից պաշտպանելն է: Ավիակիրը, որի ժամանումը «ակնկալվում է առաջիկա շաբաթներին», կրում է հինգերորդ սերնդի F-35C կործանիչ-ռմբակոծիչներ։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդ ալ-Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։