Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ են սկսել Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից շարունակվող մարտական գործողությունների ընթացքում գերեվարված զինվորականների փոխանակման շուրջ, գրում է Financial Times-ը։
Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը նախօրեին ազգային հեռուստամարաթոնի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան կապ է հաստատել իր հետ՝ փոխանակման մանրամասների շուրջ քննարկում սկսելու համար: Անձամբ Մոսկալկովան այս տեղեկությունները չի մեկնաբանել։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, որը պատասխանատու է ուկրաինական կողմի բանակցությունների համար, FT-ին հաստատել է, որ աշխատանքներ է տանում փոխանակման համար։
Լյուբինեցը նշել է, որ զրույցի ընթացքում իրենք տեղեկություններ են փոխանակել՝ «չնայած ռուսական լրատվամիջոցների հրապարակային այն հայտարարություններին, թե իբր ռուսները որոշել են դադարեցնել ցանկացած փոխանակում»։ Նրա խոսքերով Մոսկալկովայի հետ զրույցը «հույս է տվել», որ կողմերը շուտով կկարողանան առաջ շարժվել բանակցություններում։
Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարը նաեւ ասել է, որ տեղեկացրել է ՄԱԿ-ին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ «ռուս ռազմագերիների իրավունքները պաշտպանված են, եւ Ուկրաինան ցանկացած պահի պատրաստ է շարունակել փոխանակման գործընթացները՝ հիմնված Ժնեւի կոնվենցիայի վրա»:
Ուկրաինայի զինված ուժերի կողմից գերեվարված ռուս զինվորականների ստույգ թիվը չի հաղորդվում։ Օգոստոսի 14-ին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ Կուրսկի մարզում «օրվա սկզբից» գերի էր ընկել ավելի քան 100 զինվորական։