«Ալիք Մեդիան» անդրադարձել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բարձրաձայնած մտահոգիչ տվյալներին, ըստ որի ամբողջ աշխարհում երիտասարդների աճող թվին հակառակ, Հայաստանում «Երիտասարդ չի մնացել», հասարակությունը ծեր է, երկրում ժողովրդավարական ձմեռ է:
Ուսումնասիրողներն ասել էին, որ, թեեւ Հայաստանում վերջին տասնամյակներում երիտասարդների թիվը 900 հազարից նվազել է՝ հասնելով 750 հազարի, երկրագնդի վրա երիտասարդների թիվն այժմ գագաթնակետին է:
Ի՞նչ է անում Կառավարությունը, որ մի քանի տարուց Հայաստանը մեծ «ծերանոցի» չվերածվի, որ առանց այն էլ փոքրաթիվ երիտասարդներն օրվա հաց վաստակելու կամ գիտելիքն արժանապատիվ վարձատրությամբ իրացնելու համար չգնան երկիրց:
Ըստ երիտասարդության հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանի՝ ոլորտի «խելքը գլուխը բերելու համար» «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենք է պետք:
«Երկխոսությունների մեդիա կենտրոնում» օրենքի մասին են խոսել: ՅՈՒՆԻՍԵֆ, հայաստանյան ՀԿ ոլորտ եւ Կառավարություն համագործակցությամբ քննարկվում է երիտասարդական ոլորտը համակարգող օրենքի նախնական տարբերակը:
Օրենքի մշակման մասնակից Արթուր Նաջարյանը համոզմունք է հայտնում, որ Երիտասարդության մասին օրենքը ո՛չ երիտասարդին է պետք, ո՛չ էլ երիտասարդական կազմակերպություններին. այն պետք է Կառավարությանը: «Ինչպիսին մենք ուզում ենք վաղը պետությունը տեսնել, այդպիսին պետք է այսօրվա երիտասարդին դարձնել: Պետությունը պետք է ոլորտը կարգավորող հստակ գործիքակազմ ունենա: Օրենքն օգնելու է, որ Կառավարությունը, ՏԻՄ-երը, քաղհասարակությունը երիտասարդի հետ աշխատեն համակարգված»,-ասում է նախաձեռնության համահեղինակն եւ հույս հայտնում, որ օրենքի ընդունումից հետո երիտասարդի ապագան կախված չի լինի որոշ ՏԻՄ ղեկավարների օրվա վատ տրամադրությունից կամ քմահաճույքից:
Ոլորտի մասնագետը եվրոպական երկրներում տեսել եւ տպավորվել է՝ երիտասարդի կայացման, ձեւավորման հիմնական օղակը համայնքն է, ինչը, ցավոք, մեզանում այնքան էլ ընդունված չէ: Օրենքի շնորհիվ պետությունը քաղաքականություն կթելադրի, կվերահսկի, որ համայնքապետարանը հարթակ դառնա կայացած, քաղաքականապես ակտիվ ու քննադատ քաղաքացի կերտելու գործում:
Նաջարյանը վստահեցնում է, որ օրենքի ամեն մի տառն ու բառը համաձայնեցված են հենց երիտասարդների հետ: Մշակման փուլում շրջել են ամբողջ Հայաստանում, այցելել են բուհեր, երիտասարդական կենտրոններ, մանրամասնորեն արձանագրել նրանց բոլոր նկատառումները:
Երիտասարդները հիմնականում առաջարկել են երիտասարդության տարիքային շեմի փոփոխություն: Ըստ այդմ, ներքեւի շեմն այժմ սահմանվել է 13-ը, նախկին 16-ի փոխարեն, իսկ վերին շեմը հասցվել է 35-ի՝ նախկին 30-ի փոխարեն:
Երիտասարդական ոլոտի փորձագետ Կարեն Տերտերյանն էլ անդրադառնում է երիտասարդական աշխատանք կատարողներին, նշում, որ մեր երկիրը մասնագիտական նման կրթություն ստանալու հնարավորություն չի տալիս: Միայն որոշ բուհերում այլ մասնագիտություններին կից դասավանդվում է:
Ըստ Տերտերյանի՝ «Երիտասարդական աշխատող» մասնագետ ունենալու գործում պետության բացը լրացնում են հասարակական կազմակերպությունները, որոնք մասնագիտական, խորացված վերապատրաստումներ են անում ոլորտում:
Վերապատրաստում անցած մասնագետները ժամանակի հետ ավելի լավ կընկալվեն եւ տեսանելի արդյունք կապահովեն ոլորտում: Օրինակ՝ երբ տարիներ առաջ սոցիալական աշխատողն ընկալվում էր միայն նպաստ բաժանող, իսկ այսօր, շնորհիվ այդ նույն՝ եւրոպական փորձի վրա հիմնված վերապատրաստման, սոցաշխատողի ինստիտուտը բավականին կայացել է:
Փորձագետը հույս է հայտնում, որ նոր հաստատվելիք օրենքը կծառայի նպատակին. «Եթե լավագույն օրենք էլ ունենանք, բայց չգործի, կմնա որպես թուղթ»:
ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերով քաղաքականության վարչության պետ Զառա Ասլանյանն ասում է, որ, եթե նախկինում երիտասարդը դիտվում էր որպես միջոցառման շահառու, լսող-սովորող օբյեկտ, այսօրվանը պահանջում է գործընթացի մասնակից դառնալ:
Օրենքի քննարկման փուլում նկատի են առնվում երիտասարդների կարծիքները:
Թե երբ վերջնականապես կընդունվի եւ շրջանառության մեջ կդրվի «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, դեռ հստակ չէ:
Կօգնի՞ այն, որ Հայաստանում երիտասարդների թիվն աճի, ցույց կտա ժամանակը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։