Emerson College-ի վերլուծական ծառայության անցկացրած հարցումների համաձայն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը 4 տոկոսային կետով առաջ է անցել ԱՄՆ նախկին նախագահ եւ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից։
Հետազոտության համաձայն՝ հարցման մասնակիցների 50%-ը պատրաստ է աջակցել Հարրիսին նախագահական ընտրություններում, իսկ Թրամփին նախապատվությունը տվողների թիվը կազմում է 46%։
Հարցումն անցկացվել է օգոստոսի 12-ից 14-ը։ Դրան մասնակցել են շուրջ հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ, ովքեր նախատեսում են մասնակցել նոյեմբերին կայանալիք քվեարկությանը։
Նախօրեին Ахios կայքն էլ հղում կատարելով Cook Political Report հետազոտական կենտրոնի տվյալներին հայտնել էր, որ Հարիսը Թրամփից առաջ է անցել նաեւ այսպես կոչված «տատանվող նահանգների» մեծ մասում։
Ըստ կայքի Հարիսն այժմ առաջատար է Արիզոնայում, Միչիգանում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում եւ Վիսկոնսինում։
Թրամփի եւ Հարիսի վարկանիշերը հավասար են Ջորջիայում, իսկ Նեւադայում նախկին նախագահը դեռ առջեւում է, գրում է Ахios-ը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն հունիսի 27-ին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, որը համարվեց տապալված, դեմոկրատների շրջանում նրա պայքարից հրաժարվելու կոչերը սկսել էին էլ ավելի հաճախակիանալ։ Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու եւ ԱՄՆ փոխնախագահ Հարիսի թեկնածությանը սատարելու մասին։