Մինչ օրս Ռուսաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչ մի դիմում չի եղել՝ կապված Կուրսկի մարզում ուկրաինական բանակի հարձակումների հետ։ Այս մասին ասվում է Կազմակերպության կայքէջում հրապարակված մեկնաբանության մեջ։
«ՀԱՊԿ ընդունած ընթացակարգի համաձայն՝ միության անդամ պետությունը, որն ունի ռազմական օգնության կարիք, պետք է պաշտոնապես կապ հաստատի կազմակերպության հետ։ Ռուսաստանի Դաշնությունից մինչ օրս նման դիմում չի եղել՝ կապված Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի հետ»,-ասվում է NEWS.ru կայքի հարցմանն ի պատասխան հրապարակված մեկնաբանության տեքստում։
Դրանում նաեւ նշվում է, որ ՀԱՊԿ-ն ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը։
«Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի՝ լարվածության նոր փուլ է։ Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը եւ գործելու ենք կազմակերպության կանոնադրության համաձայն։ [ՀԱՊԿ] Քարտուղարությունը եւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառավարական կառույցները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգի համաձայն»,-ասվում է մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ ներխուժել են օգոստոսի 6-ին եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։