Օգոստոսի 12-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել, որն արդեն մի քանի օր չի հաջողվում մարել։ 52 հեկտար զբաղեցնող աղբավայրից երեք հեկտարը դարձել է հրդեհի օջախ։ Երեք օջախներից մեկում կրակն ամբողջությամբ մարվել է, մյուս երկուսում դեռեւս կան ծխացող տարածքներ։
Հրդեհաշիջման եւ հողալցման աշխատանքներին մասնակցել են համայնքային ծառայության, ՆԳՆ Փրկարարական ծառայության աշխատակիցները։ Օգտագործվել է շուրջ 150 բեռնատար հող եւ մոտ 500 տոննա ջուր։
Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացրեց՝ որ հրդեհի բռնկման պատճառը աղբի մեջ եղած հրավտանգ նյութերն են, տապը եւ ուժգին քամին։
«Ինչպես հրդեհից առաջ, այնպես էլ հիմա, հնարավոր հրդեհի բռնկումը եւ տարածումը կանխելու նպատակով Նուբարաշենի աղբավայրում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն. տեղակայվել են ջրատար մեքենաներ, պարբերաբար հողալցման աշխատանքներ են կատարվում»,- հայտնել է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
Ծխի ազդեցությունը հիմնականում զգացվում է Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններում։ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է՝ հրդեհի հետեւանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր (օրինակ՝ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ եւ այլ աղտոտիչներ):
2024-ի հունվարի 4-ին Կառավարությունը որոշում էր ընդունել փակել Նուբարաշենի աղբավայրն ու դրա փոխարեն կառուցել Եվրամիության չափանիշներին համապատասխան սանիտարական նոր աղբավայր, բայց կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել։
Ըստ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության տրամադրած տեղեկության՝ նոր աղբավայր ունենալու համար համայնքը երկու տարբերակ է դիտարկում։ Դրանցից մեկը համաշխարհային բանկի հետ համագործակցելն է, որի հետ կապված՝ ուսումնասիրություններն արդեն մեկնարկել են: Երկրորդ տարբերակը համայնքի եւ մասնավոր որեւէ ընկերության հնարավոր համագործակցությունն է։ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, եւ մասնավոր ընկերությունները կարող են ներդրումային առաջարկներ ներկայացնել, որոնք կքննարկվեն սեպտեմբերի մեկին։
Այժմ հնարավոր չէ ասել, թե դրանցից որը կընդունվի, ինչ կորոշվի եւ գործնականում երբ կսկսվեն աշխատանքները։
Բնապահպան Թեհմինե Ենոքյանի կարծիքով՝ հրդեհի բռնկման պատճառ կարող է լինել նաեւ մարդկային գործոնը։
«Աղբավայրում մաֆիայի պես խմբեր են աշխատում, որոնք տարբեր իրեր են գտնում եւ վաճառում։ Նրանք երբեմն այրում են որոշ տարածքներ, որպեսզի ՆԳՆ Փրկարար ծառայությունը գա, աղբը շուռ տա կրակը մարելու նպատակով։ Դրանից հետո այդ խմբերը կարողանում են նոր առարկաներ, մետաղներ գտնել»,- ասում է բնապահպանը։
Ըստ նրա՝ Երեւանի քաղաքապետարանն այս տարիների ընթացքում որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել նոր աղբավայր ունենալու նպատակով։ Հայտնի է, որ առնվազն երկու ընկերություն ցանկություն է հայտնել համագործակցել, աղբի վերամշակում կատարել, բայց ապարդյուն․․․
«Ճապոնական մի ընկերությունն առաջարկել էր Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցել, գազ ստանալ, բայց համաձայնության չեկավ մեր Կառավորության հետ։ Երկրորդ առաջարկը ներկայացրել էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որը ցանկանում էր մեր երկրում նոր աղբավայր կառուցել։ Դարձյալ համաձայնության չեկան։ Գոնե ես չեմ նկատել, որ Երեւանի քաղաքապետարանն ունենա Նուբարաշենի աղբավայրը փակելու, նորը կառուցելու տեսլական, քաղաքական կամք կամ այս խնդիրն արմատապես լուծելու մեծ ցանկություն»,- ասում է Ենոքյանը։
Հարկավոր է գիտակցել, որ սա բնապահպանաման հրատապ խնդիր է, որն օր առաջ պետք է լուծել։ Քանի դեռ կա Նուբարաշենի աղբավայրը, երեւանցիների առողջությանը շարունակաբար վնաս է հասցվելու։ Բազմաթիվ հիվանդություններ կարող են առաջանալ (սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտ, սուր եւ քրոնիկ շնչառական հիվանդություններ, թոքի քաղցկեղ, դեպրեսիա եւ այլն) մթնոլորտային օդ արտանետվող թունավոր, այդ թվում՝ քաղցկեղածին նյութերի պատճառով։
Մինչ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցները ջանում են հանգցնել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը, երեւանցիները շնչում են աղտոտված օդը։ Այդ թեմայի վերաբերյալ զայրացած ֆեյսբուքահայերը գրառումներ են անում։
Լյուսի Բալյանը գրում է․ «Սարսափելի ծխահոտ է տարածված Էրեբունու տարածքում։ Քամին այս կողմ է բերել Նուբարաշենի աղբավայրի գարշահոտը։ Քնել հնարավոր չէ։ Ամեն ընտրության ժամանակ իշխանության ձգտողները խաբում են, թե հարցը կլուծվի, թափոնների վերամշակում կլինի, սակայն ոչինչ չի արվում։ Նշանակում է՝ չենք կարողանում ճիշտ ընտրել։ Դե, վերջին վեց տարում էլ ապագա խոստացան, եւ տեսաք՝ ինչ եղավ։ Ասում են՝ մարդն իր խելքից է տուժում»։
Օգտատերերից մեկն էլ մտահոգ է՝ մինչեւ հիմա կրակն ամբողջապես հանգցնել չի հաջողվել, իսկ այս ընթացքում քաղծկեղածին ծուխը շնչում են նաեւ երեխանները «Երկրի ղեկավարին սա չի հուզում»,- վստահ է նա։
Օգտատեր Դերենիկ Մալխասյանն էլ գրում է՝ վնասակար թափոնների այրումից առաջացած գազերն ու թունավոր նյութերը սփռվում են Երեւանով մեկ, թունավորում բնակչությանը։ «Քաղաքի բնակչությունը կանգնած է առողջապահական ու բնապահպանական աղետի առաջ։ Բնականաբար, քաղաքային իշխանությունները անգործության են մատնված, աղբավայրի խնդիրը տարիներով չի լուծվում, պարբերաբար այրվում ու ծխում է։ Փողոցներում գծանշում անելու անընդունակ իշխանությունից ի՞նչ պահանջես, աղբավայրի խնդրի լուծո՞ւմ»։
Օգտատեր Արփի Վան Սիրադեղյանն էլ գրում է․ «Մենք թունավորվում ենք։ Բազմաթիվ առաջարկներ են եղել իշխանությանը աղբի վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ, սակայն ապարդյուն։ Օրինակ վերցրեք այլ երկրներից»։
Տարիներ շարունակ իշխանությունը խոստանում է փակել Նուբարաշենի աղբավայրն ու նորը կառուցել, սակայն սայլը տեղից չի շարժվում, երեւանցիներն աղտոտված օդ են շնչում, բնապահպանական այս խնդիրն էլ ձնագնդի պես մեծանում է։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։