Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է օգոստոսին այցելել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Կիեւ պաշտոնական այցի մասին հայտնել էր հնդկական մամուլը։
Ընթացիկ տարվա հուլիսին Մոդին ժամանել էր Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հնդկաստանի վարչապետն հայտարարել էր, որ հանդես է գալիս «հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին»՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հարաբերությունների կարգավորումը նույնպես չի ուշանա։ Նա նաեւ դիմելով Պուտինին ընդգծել էր, որ «պատերազմը խնդիրների լուծում չէ»։
Մոսկվայում կայացած հանդիպման նախօրեին Վլադիմիր Զելենսկին Մոդիի այցը Ռուսաստան անվանել էր «մեծ հիասթափություն եւ հարված խաղաղության գործընթացին»։
Մոդիի եւ Պուտինի հանդիպման թեմաներից մեկը ուկրաինական պատերազմի ռազմաճակատներում հայտնված Հնդկաստանի քաղաքացիների հետ վերադարձն էր, որոնք ավելի վաղ պայմանագիր էին կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Այցից հետո հնդկական մամուլը, վկայակոչելով կառավարական աղբյուրներին, գրել էր, որ Մոդին եւ Պուտինը պայմանավորվել են Հնդկաստանի քաղաքացիների պայմանագրերը վաղաժամկետ խզելու մասին։