Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորականներն այժմ վերահսկում են 92 բնակավայր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինացի մարտիկները շարունակում են պաշտպանական գործողությունները Կուրսկի շրջանի նշված տարածքներում։ Այսօրվա դրությամբ մեր ուժերը վերահսկում են հակառակորդի 1250 քառակուսի կիլոմետր տարածք եւ 92 բնակավայր։ Շարունակվում են դիրքերի ամրապնդումը, նշված ուղղությունների ստաբիլացումը, Ուկրաինայի համար փոխանակման ֆոնդի համալրումը»,-ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով այլ երկրներում ուկրաինական դիվանագիտական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Ուկրաինայի նախագահի խոսքերով Կուրսկում շարունակվող հարձակողական գործողությունը դարձել է ուկրաինացիներին ռուսական գերությունից ազատելուն ուղղված ամենամեծ ներդրումը։
«Մենք մեկ գործողության ընթացքում արդեն գերել ենք ամենամեծ թվով ռուս գերիների, եւ սա նշանակալի արդյունք է, սա մեր նպատակներից մեկն է, եւ մեր գործողությունները շարունակվում են»,-ասել է Զելենսկին։
Նշենք, որ օգոստոսի 15-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Զելենսկուն ուղղված զեկույցում հայտնել էր, որ Կուրսկի մարզում հարձակման սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր եւ 1150 քառակուսի կմ տարածք։