Իսրայելը աջակցում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման ու պատանդառված իսրայելցիների ազատ արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած վերջին առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ երկուշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ երեք ժամ տեւած հանդիպումից հետո։
«Այժմ հերթը ՀԱՄԱՍ-ինն է նույնն անելու համար», — լրագրողներին ասել է Բլինկենը՝ չհստակեցնելով, թե արդյոք հաշվի են առնվել ՀԱՄԱՍ-ի առաջադրած հարցերը։ Պետքարտուղարը նաեւ հավելել է, որ միջնորդների օգնությամբ, որոնք ներկայացնում են Եգիպտոսը, Կատարը եւ Միացյալ Նահանգները, կողմերը պետք է «միավորվեն եւ ավարտեն գործընթացը»։
«Դեռեւս կան բարդ խնդիրներ, որոնք պահանջում են կոշտ որոշումներ ղեկավարներից: Եվ, ի վերջո, ամեն ինչ կախված է նրանցից»,- ասել է Բլինկենը:
ԱՄՆ պետքարտուղարը չի հստակեցրել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։ Նեթանյահուի հետ հանդիպումից անմիջապես հետո նա ուղեւորվել է Կատար՝ բանակցությունները շարունակելու։
Նախորդ շաբաթ Դոհայում մեկնարկած բանակցություններում ԱՄՆ-ն փոխզիջումային առաջարկ էր ներկայացրել։
Դրանով նախ ակնկալվում է հաստատել վեցամսյա զինադադար Գազայի հատվածում, ՀԱՄԱՍ-ի պատանդառած իսրայելցիների ազատում, Գազայից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերում եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։ Հրադադարը ենթադրում է նաեւ բանակցությունների սկիզբ ամբողջական հրադադարի պայմանների շուրջ։
Իսրայելի կառավարության խոսնակը երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել էր, որ Նեթանյահուն «խստորեն հավատարիմ է այն սկզբունքին», որ Իսրայելի պաշտպանության բանակը պահպանի ֆիզիկական ներկայությունը Գազայի հատվածի եւ Եգիպտոսի միջեւ սահմանային հատվածին՝ հայտնի որպես Ֆիլադելֆիայի միջանցք ավանումով:
ՀԱՄԱՍ-ը եւ «Իսլամական Ջիհադը» նախօրեին հայտարարեցին, որ մտադիր են շարունակել «նահատակման գործողությունները» Իսրայելի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ «օկուպացիայի եւ զանգվածային սպանությունների քաղաքականությունը շարունակվում է»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Դոհայում մեկնարկել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու ՀԱՄԱՍ-ի պատանդ վերցրած իսրայելցիների ազատ արձակելուն ուղղված բանակցությունների նոր փուլը։
Հանդիպումից հետո հակամարտող կողմերի միջեւ որպես միջնորդ երկրներ հանդիսացող Եգիպտոսի, Կատարի եւ Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցություններն անցել են «դրական մթնոլորտում»։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը մինչեւ շաբաթվա վերջ անցկացնել Կահիրեում։
Ինչպես նշվում է տեքստում, տեխնիկական խմբերն առաջիկա օրերին կշարունակեն մշակել համաձայնագրի հիմնական կետերի իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմները, որոնց թվում կլինեն Գազայի հատվածում պահվող պատանդների եւ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների փոխանակման, ինչպես նաեւ Գազայում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցրեը։