Իրանը կանգնած է Դոնալդ Թրամփի եւ Քամալա Հարիսի նախագահական արշավների դեմ ուղղված վերջին կիբերհարձակումների հետեւում, հայտնել են ԱՄՆ հետախուզական ծառայությունները՝ մեղադրելով Թեհրանին նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ:
Իրանի իշխանությունները հերքում են հարձակումներին իրենց առնչությունը:
«Մենք նկատում ենք իրանական ագրեսիվ եւ աճող ակտիվություն այս ընտրական ցիկլի ընթացքում, մասնավորապես ամերիկյան հասարակության վրա ազդելու եւ կիբերգործողությունների փորձ, որոնք ուղղված են նախագահական քարոզարշավի դեմ»,- ասվում է Հետախուզության դաշնային բյուրոյի, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի (DNI) եւ ԱՄՆ կիբեռանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալության (CISA) համատեղ հայտարարության մեջ:
Օգոստոսի 10-ին Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել էին ներքին հաղորդակցությունները գաղտնազերծելու համար կատարված կիբերհարձակման մասին եւ ենթադրել, որ դրա հետեւում կարող է կանգնած լինել Իրանը։
Օգոստոսի 13-ին Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբը նույնպես հայտարարել էր օտարերկրյա հաքերների հարձակմանը ենթարկվելու մասին, սակայն չէր նշել, թե որտեղից կարող է թիրախավորված լինել։
«Հուլիսին քարոզարշավի իրավական եւ անվտանգության ծառայության թիմերը ՀԴԲ-ից ծանուցվեցին, որ մենք օտարերկրյա գործակալների ազդեցության օպերացիայի թիրախ ենք եղել», — AFP-ին ասել է Հարիսի շտաբի ներկայացուցիչը:
Google-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի կողմից աջակցվող հաքերները հարձակվել են ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների վրա: Microsoft-ն էլ հայտնել էր Իրանի կողմից աջակցվող խմբերի ակտիվության աճի հետ բախվելու մասին:
«Հետախուզական համայնքը կարծում է, որ իրանցիները սոցիալական ինժեներիայի տեխնիկան եւ այլ մեթոդներ կիրառելով փորձել են հասանելիություն ձեռ բերել, այն անձանց մոտ, ովքեր երկու կուսակցությունների կողմից անմիջկան մասնակցություն ունեն նախագահական ընտրություններին։ Նման գործունեությունն ուղղված է ԱՄՆ-ում ընտրական գործընթացի վրա ազդելուն»,-ասվում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների համատեղ հայտարարության տեքստում։
Դեռեւս անհայտ է, թե արդյոք կիբերհարձակումների արդյունքում գողացվել են կարեւոր տեղեկություններ։ Թրամփը հայտարարել է, որ հաքերները կարողացել են ստանալ միայն հանրությանը հասանելի տվյալներ։ Դեմոկրատական կուսակցության շտաբի տվյալներով էլ՝ կիբերհարձակումն անհաջող է անցել։
Իրանի իշխանությունները ավելի վաղ հերքել էին իրենց մասնակցությունը հարձակումներին: Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թեհրանը «նախագահական ընտրություններին միջամտելու ոչ նպատակ ունի, ոչ շարժառիթ»:
Հաղորդագրության նշելով, որ ԱՄՆ-ի կողմից նման մեղադրանքները զուրկ են հիմնավորումներից, իրանական կողմը հայտարարում է․ «Եթե ԱՄՆ կառավարությունն անկեղծորեն հավատում է իր պնդումների հիմնավորությանը, ապա նա պետք է մեզ տրամադրի համապատասխան ապացույցներ, եթե իհարկե այդպիսիք կան, որպեսզի մենք կարողանանք համապատասխան ձեւով արձագանքել»: