Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարությունները կասկածի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլեւ կասկածի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը»,-ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Լավրովը ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում Սյունիքով անցնող կոմունիկացիաների բացման պայմանավորվածությունները։
«Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը եւ դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որեւէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետեւաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»,-ասվում է հայկական կողմի հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ խոսնակը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, որը մի քանի անգամ ներկայացվել է նաեւ ՌԴ ներկայացուցիչներին։
«Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, եւ ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաեւ հավելվում է, որ Հայաստանի կառավարությունը բազմիցս է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար։