ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը դեռ մարտին հաստատել է երկրի խիստ գաղտնի ռազմավարական միջուկային նոր ծրագիրը: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Եթե նախկինում միջուկային զսպման քաղաքականությունն ուղղված էր հիմնականում ԽՍՀՄ-ի դեմ, ապա այժմ ԱՄՆ-ի նոր ռազմավարական միջուկային ծրագրը ուշադրությունը կկենտրոնացնի Չինաստանի վրա, որն ավելի արագ է ընդլայնում իր միջուկային զինանոցը, քան մյուս պետությունները։
Պենտագոնը կարծում է, որ Չինաստանի զինանոցը հաջորդ տասնամյակի ընթացքում մրցունակ կլինի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջուկային զինանոցների հետ:
Սպիտակ տունը նախկինում չէր հայտարարել, որ Բայդենը հավանություն է տվել վերանայված ռազմավարությանը, որը կոչվում է «Միջուկային ուժերի կիրառման ուղեցույց», որում նաեւ առաջին անգամ նշվում էր Չինաստանի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի հնարավոր համակարգված միջուկային մարտահրավերներին դիմագրավելու համար ԱՄՆ-ի նախապատրաստելու մասին:
Գրեթե չորս տարին մեկ թարմացվող փաստաթուղթը խիստ գաղտնի է, եւ չեն հրապարկվում դրա էլեկտրոնային պատճենները։ Դրա միայն թղթային պատճենների մի փոքր մասն է բաժանվել ազգային անվտանգության գործակալությունների եւ Պենտագոնի փոքր թվով պաշտոնյաներին:
Հավանականությունը, որ ԱՄՆ հակառակորդները կարող էին համակարգել միջուկային սպառնալիքները՝ ամերիկյան միջուկային զինանոցը գերազանցելու համար, նախկինում անհավանական էր թվում: Սակայն Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվող գործընկերությունը, ինչպես նաեւ սովորական զենքերը, որոնք Հյուսիսային Կորեան եւ Իրանը մատակարարում են Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի համար, հիմնովին փոխել են Վաշինգտոնի մտածելակերպը, նշում է New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ նոր փաստաթղթի առկայությունը հիշեցնում է, որ նյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հաղթողը առերեսվելու է առավել ոչ ստաբիլ եւ փոփոխված միջուկային լանդշաֆտի հետ, քան օրինակ, երեք տարի առաջ էր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս սպառնացել է Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառել, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին տեղ գտած ճգնաժամի ժամանակ, երբ նախագահ Բայդենը եւ նրա օգնականները, ուսումնասիրելով ռուս բարձրաստիճան հրամանատարների միջեւ խոսակցությունների գաղտնալսումները, մտավախություն ունեին, որ միջուկային զենք օգտագործելու հավանականությունը կարող է հասնել 50 տոկոսի կամ նույնիսկ ավելիի, նշում է ամերիկյան պարբերականը:
Սպասվում է, որ վերանայված ռազմավարության չգաղտնազերծված մասը կուղարկվի Կոնգրես՝ մինչեւ Բայդենի նախագահության ժամկետի ավարտը հաստատելու համար, նշում է Reuters-ը։