Երբ Լեհաստանի դատախազությունը հայտարարեց, որ Գերմանիայի խնդրանքով չի կարող ձերբակալել Բալթիկ ծովով դեպի Եվրոպա գազ մատակարարող «Հյուսիսային հոսք» խոհովակաշարի պայթյունների մեջ մասնակցության համար կասկածվող ուկրաինացուն, Բեռլինը որոշել է դիմել Լեհաստանի կառավարությանը: Սակայն գերմանական կողմը այս անգամ եւս մերժում է ստացել, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներից ստացված տեղեկություններին։
Գերմանիան դեռեւս հունիսին է Լեհաստան ուղարկել ուկրաինացի ջրասուզորդ Վլադիմիր Ժուրավլեւի ձերբակալման խնդրանքը, ով կասկածվում է գազատարի պայթյունների մեջ: Սակայն լեհ դատախազները հրաժարվել են ձերբակալել նրան, քանի դեռ գործը չի վերանայվել Ներքին անվտանգության գործակալության կողմից:
Մերժում ստանալուց հետո հուլիսի 2-ին Վարշավա էր ուղեւորվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած նախարարների պատվիրակությունը՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կառվարության հետ համատեղ նիստ անցկացնելու համար։
Գերմանական պատվիրակությունը խնդրել էր լեհ գործընկերներին ապահովել ձերբակլման խնդրանքի կատարումը։ Սակայն լեհ բարձրաստիճան պաշտոնյան մասնավոր ձեւով գերմանացի գործընկերոջը ասել էր, որ ցանկացած պոտենցիալ կասկածյալ, որը կարող է դերակատարում ունենալ խողովակաշարի ոչնչացման մեջ, «պետք է պարգեւատրվի մեդալներով, ոչ թե ձերբակալվի», գրում է WSJ-ը:
Պարբերականի զրուցակիցներից մեկն էլ պատմել էր, որ հուլիսի 6-ին կասկածյալը մեքենայով լքել է Լեհաստանը եւ մեկնել Ուկրաինա։ Նա նշել էր, որ մնացած կասկածյալները նույնպես գտնվում են Ուկրաինայում, որն իր քաղաքացիներին չի արտահանձնում։
Պայթյունները Բալթիկ ծովով անցնող «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարներում տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերը՝ Դանիայի Բորնհոլմ կղզու մոտակայքում։ Պայթյունների հետեւանքով վնասվել էին չորս գազատարներից երեքը։
Օգոստոսի կեսերին The Wall Street Journal-ը մանրամասն նյութեր հրապարակեց հետաքննության արդյունքների վերաբերյալ։ Պարբերականը պարզել էր, որ գազատարների պայթեցման օպերացիան ծրագրվել էր 2022 թվականի մայիսին մի խումբ ուկրաինացի սպաների կողմից։
WSJ-ի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկզբում հավանություն է տվել ծրագրին, սակայն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը տեղեկանալով դրա մասին, խնդրել էր նրան հրաժարվել գործողությունից։ Ուկրաինայի նախագահը պահանջել է դադարեցնել նախապատրաստական աշխատանքները, սակայն Վալերի Զալուժնին, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, անտեսել է հրամանը։