Ուկրաինայի Գերագույն Ռադան վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը։ Կողմ քվեարկել են 281 պատգամավոր, դեմ՝ մեկ պատգամավոր, ձեռնպահ՝ 22, իսկ 24-ը ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։ Սա հետեւում է քվեարկության արդյունքների մասին «Գոլոսի» պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի տելեգրամյան ալիքում հրապարակած գրառումից։
Ժելեզնյակը հայտնել է, որ քվեարկությունից առաջ պատգամավորները աջակցության նամակներ են ստացել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովից։
«Նիստի ընթացքում շատ բարդ քննարկում եղավ։ Բազմաթիվ ելույթներ եղան թե՛ կողմ, թե՛ դեմ»,- ասել է Ժելեզնյակը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համապատասխան օրինագիծը Ռադայի հաստատմանն էր ներկայացրել օգոստոսի 15-ին, իսկ օգոստոսի 20-ին փաստաթուղթը հավանության էր արաժանցերկ խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
Ընդունված փաստաթղթում նաեւ սահմանվում է, որ Հռոմի ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարի անցՈւկրաինան չի ճանաչի Միջազգային քրեական դատարանի իրավասությունը՝ կապված Ուկրաինայի քաղաքացիների կողմից իբր կատարված ռազմական հանցագործությունների հետ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայան էլ ասել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը թույլ կտա Ուկրաինային լիարժեք անդամություն ձեռք բերել Միջազգային քրեական դատարանում՝ ներառյալ իր թեկնածուների առաջադրումը դատարանի դատավորների եւ դատախազի պաշտոններում:
Ուկրաինան Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականի հունվարի 20-ին, սակայն երկար տարիներ չի վավերացրել այն։ Եվրամիության հետ 2014 թվականին ստորագրված ասոցացման համաձայնագրով Հռոմի ստատուտի վավերացումը Ուկրաինայի պարտավորություններից էր։
2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինաբար Ռուսաստան արտաքսելու մեջ։