Հինգ տարի առաջ հին Ալավերդու կենտրոնում՝ ճոպանուղու, ճարտարապետական գեղեցիկ լուծումներով նախկին հյուրանոցի եւ կապի տան շենքերի հարեւանությամբ մի շինություն կառուցվեց: Համայնքապետարանը նպատակ ուներ այդտեղ տեղափոխելու քաղաքի մեկ այլ՝ «Հայպետշին» բնակելի թաղամասում 30 տարուց ավելի գործող շուկան: Չստացվեց: 250 քմ տարածքով մետաղական կառույցը շուկա չդարձավ: Ավելին՝ տարիների ընթացքում թալանվեց եւ անպիտան դարձավ:
Ալավերդու՝ 2018 եւ 2019 թվականների բյուջեի բնապահպանական վճարներից մոտ 9,5 մլն դրամ ներդրումով կառուցված տարածքը հիմա մարզասրահ է դարձել: Մարզասրահի սեփականատերը Ալավերդու բնակիչ Ալբերտ Ղահրամանյանն է: Մինչեւ «շուկայի տարածք» տեղափոխվելը այն մոտ 20 տարի գործել է Մշակույթի պալատի շենքում:
«Մարտին ենք դուրս եկել մշակույթի պալատից: Ասին, որ էդ տարածքում ինչ-որ ռեստորան է կառուցվելու: Էդ ժամանակ ենք դիմել համայնքապետին, խնդրել, որ ինչ-որ տարածք տրամադրեն: Հունիսին տեղափոխվել ենք էստեղ»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ալբերտ Ղահրամանյանը:
2004 թվականից մշակույթի պալատի շենքում վճարովի հիմունքներով գործող մարզասրահի տարածքը Ալբերտ Ղահրամանյանին տրամադրվել է անվճար: Ի դեպ, նախկին պղնձաձուլական կոմբինատի մշակույթի պալատի շենքում են գործում նաեւ Ալավերդու քաղաքային թատրոնը, «Լազուր» ժողգործիքների անսամբլը, Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանը: Շենքը հիմա «Վալլեքս» խմբի սեփականությունն է:
Ըստ Ղահրամանյանի՝ դեռեւս տարեսկզբին է ընկերության ներկայացուցիչն իրեն ծանուցել մարզասենյակն ազատելու մասին, ինչից հետո ինքը դիմել է համայնքապետին:
«30-45 երիտասարդ զբաղվում են սպորտով: Խնդրել են, որպեսզի ժամանակավոր տրամադրենք, մենք էլ տրամադրել ենք: Այլ տեղ չունեինք, միակ հարմարը դա էր: Վերանորոգումն արել են իրենց ուժերով, ամբողջությամբ: Պայմանները բարելավել, ջուր քաշել, հոսանքի հարց լուծել, լոգարան, զուգարան, կազմակերպված ամեն բան անում են: Առայժմ անվճար է, քանի որ ժամանակավոր է: Եթե հիմնական կմնան, ավագանու որոշում կկայացնենք, վճարով կտանք»,- ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Այն, որ չշահագործված շուկայի լքված ու անբարեկարգ դարձած տարածքը բարեկարգվել է, լավ է եւ ակնհայտ: Պայմաններն էլ ոչ թե մարզասրահի սեփականատերը, այլ Ալավերդու համայնքապետարանն է բարելավել: Ալբերտ Ղահրամանյանն ասում է՝ իրենք էլ ինչ-որ աշխատանքներ կատարել են, բայց նորոգման հիմնական գործը համայնքապետարանն է արել:
Շուկայի համար կառուցված վագոնատիպ շինությունը մարզասրահին տրամադրելու փաստը Ալավերդիում շատերին է ոգեւորել. հին Ալավերդու լքված կենտրոնը կենդանացել է: Իսկ համայնքի բյուջեից տասը միլիոն դրամ վատնելու փաստը մոռացվել է: Այլապես շուկայի կառուցման որոշումը կայացրած, համայնքային բյուջեն տնօրինած, ապա մոտ տասը միլիոն դրամ աննպատակ ծախսած Ալավերդու նախկին համայնքապետ Սասուն Խեչումյանը (պաշտոնավարել է 2017-2022թթ.) եւ ավագանու 11 անդամներ պատասխանատվություն կկրեին:
«Ծախսայինն արվել է շատ վաղուց, ես դրանից տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել». Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանն է ասում: Համայնքապետին մխիթարում է այն հանգամանքը, որ կառույցը գոնե հիմա ինչ-որ նպատակի ծառայում է: Իսկ որպես շուկայի՝ թե՛ տեղադիրքի եւ թե՛ կառուցապատման ոճի առումով Ղումաշյանի կարծիքը շինության մասին բացասական է:
Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը նույնպես բացառում էր շուկայի գոյությունն այդ տարածքում. նրա պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում (2022-2023թթ.) Ալավերդու ճոպանուղին վերագործարկելու ծրագիր էր քննարկվում: Եթե ճոպանուղին աշխատեր, դեպի քաղաքի կենտրոն ենթադրաբար զբոսաշրջիկների հոսքեր էին լինելու, եւ նման նշանակության կառույցն այդտեղ ցանկալի չէր լինի:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։