Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ․ այս մասին «ՍիվիլՆեթին» տված գրավոր մեկնաբանության մեջ ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որով սահմանվում է այլ երկրներին քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։
Ըստ Պետդեպարտամենտի 2022-ին թարմացված տվյալների ԱՄՆ-ն նման գործարքներ ունի 48 երկրների հետ։
Եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», ապա դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու եւ կառուցելու համար, որը կարող է փոխարինել երկրի էներգիայի ընդհանուր կարիքների մոտ մեկ երրորդը նեևկայումս բավարարող Մեծամորի ատոմակայանին:
«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին: Թեեւ մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- «ՍիվիլՆեթին» տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հուլիսի սկզբին ասել էր, որ միջուկային հարցերով «գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է»՝ այլ մանրամասներ չհայտնելով։