ՀՀ Առողջապահության նախարարությունը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի եւ մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված հայտարարել է, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը եւ այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
ՀՀ ԱՆ-ն քիչ առաջ հրապարակված մեկ այլ հայտարարությամբ նշել է․
«Հաշվի առնելով մամուլում եւ համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնում է`
Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների եւ մասունքների պահպանման համար:
Ի դեպ, վերջիններն օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ` Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմի ժամանակ` դիտարկվելով արտակարգ իրավիճակներում եւ պատերազմական գործողությունների ընթացքում, մեծաքանակ զոհերի դեպքում, դիակների տեղափոխման պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր:
Նշենք, որ այդ պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, քննչական կոմիտեի կողմից նշված հերթական համարը, ինչպես նաեւ հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել»:
Պատերազմի զոհերի մարմինների՝ դիահերձարանի նկուղում պահելու աղմկահարույց դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։
Երեկ Աբովյան քաղաքի դիահերձարանի բաժնի վարիչը «Ազատության» հետ բանավոր զրույցում ասել է, որ դիերը տեղափոխվել են Մարտունի քաղաք, իսկ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե։